Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կամ չցանկացավ ավելորդ գլուխ ցավեցնել համայնքային ընտրություններում «վիզ դնելով», կամ էլ պարզապես չկարողացավ, այդ իսկ պատճառով, մեծամասամբ հաղթանակ են տարել գործող համայնքապետերն ու անկուսակցականները:
 
Այսպես օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը, իսկ ՔՊ-ական և ԲՀԿ-ական թեկնածուները պարտություն են կրել: Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: Հիշեցնենք, որ սա հենց այն գյուղապետն է, որը վերջերս մարզպետի և ժողովրդի հորդորով հրաժարական էր տվել: Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից: Վարդանաշենում հաղթել է  հանրային ճնշման ներքո հրաժարական տված համայնքապետ Արթուր Մանուկյանը՝ ստանալով 283 քվե։ Նա համայնքը ղեկավարել է 2009 թվականից՝ լինելով Հանրապետական կուսակցության անդամ։
 
Հետաքրքիր պատկեր էր նաև Վարդենիսում: Այստեղ հաղթել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, այն նույն Մելքոնյանը, ումից այդքան բողոքում էին վարդենիսցիները և նույնիսկ պահանջում էին մարզպետի հրաժարականը, ով, ըստ որոշ տեղեկությունների, աջակցում էր քաղաքապետի ԺՊ-ին: Ստացվում է՝ չնայած բողոքի ակցիաներին՝ քաղաքապետը վերընտրվում է, հետևաբար, կամ բողոք որպես այդպիսին՝ չկար և այդ ակցիաները կազմակերպվում էին մեկ կենտրոնից, կամ էլ մարզպետը հին ավանդույթների համաձայն՝ կարողացել է պաշտոն ապահովել իր հովանավորյալի համար:
 
Նմանատիպ մի իրավիճակ էլ Նոր Գեղիում էր: Նախնական տվյալներով՝ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնառաջադրված Վարդան Պապյանը: Նշենք, որ Վարդան Պապյանն այն թեկնածուն էր, որի՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը համայնքի բնակիչների կողմից միանշանակ չէր ընդունվել: Նրա նշանակումից հետո համայնքում անգամ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Համայնքի բնակիչները Կոտայքի մարզպետից պահանջում էին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իրենց առաջարկած թեկնածուին: 
 
Ինչպես տեսնում ենք՝ հակասական պատկեր է, որը, սակայն, թույլ է տալիս անել անչափ ուշագրավ մի հետևություն՝ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում հեղափոխությունն «արտահանել» մարզեր, փոքր համայնքներ: Այստեղ բախտի քմահաճույքին թողնված բնակիչները նախընտրում են «փորձված թանը՝ անփորձ մածունից»: Իսկ «անփորձ մածունի» դերում հանդես են գալիս նոր իշխանություն ներկայացուցիչները, որոնց հանդեպ վստահությունը դեռևս թույլ չի տալիս Երևանից դուրս 80 տոկոս «խփել»: Հեղափոխական էյֆորիայի մասին էլ խոսք անգամ լինել չի կարող, այն պարզ պատճառով, որ այդ էյֆորիան փոքր համայնքներ չէր էլ հասել: