Արցախում 2020թ. սպասվող նախագահական ընտրությունները բավականին խոստումնալից են: Արդեն իսկ կան 4 հստակ թեկնածուներ, որոնք ներքին կարգով սկսել են նախընտրական պայքարը: 

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ևս մասնակցելու է 2020-ի  նախագահական ընտրություններին՝ առաջադրելով ԼՂՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը: Ղուլյանի կուսակցության նպատակը օրենքի երկիր կառուցելն է: «Մենք ժողովրդավարական երկիր ենք տեսնում»,-  ասել է կուսակցության անդամ Վարդգես Բաղրյանը:  

Իրենց իրարամերժ հայտարարություններով արդեն իսկ աչքի են ընկել Արցախի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող մյուս 3 թեկնածուները՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Բանն այն է, որ Բաբայաը նախորդ շաբաթ նախագահական ընտրությունների պայքարի մեկնարկը տվեց աղմկահարույց հայտարարությամբ, ասելով, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. տարածքների զիջման վերաբերյալ քննարկումներ է անցկացրել Արցախի իշխանությունների հետ: Նախ, սա առաջինը հերքեց ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, այնուհետև պարզաբանեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ նշելով որ Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել են երկու հիմնական հանդիպում․ մեկը՝ ապրիլի վերջին, մյուսը՝ հուլիսի 16-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր հետո և Երևանում ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավումից մեկ օր առաջ։ Սակայն Բաբայանի դեպքում մեծ խնդիր կա, այն է՝ վերջին 10 տարիներին Արցախի Հանրապետությունից բացակայությունը, ինչի դեպքում զրկվում է, որպես թեկնածու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Սակայն Բաբայանը փորձում է ստորագրահավաքի միջոցով հասնել խնդրի լուծմանը:

Ի տարբերություն Արայիկ Հարությունյանի՝ նախընտրական պայքարի մեջ լուռ մտնելուն, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին ընդառաջ սկսում է քաղաքական կոնսուլտացիաները. «Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի՝ տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Վ. Բալասանյանը: