«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ատելության խոսքի հարձակման տակ է»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կուսակցությունը որոշակի մեդիամանիպուլյացիաների եւ կեղծ լուրերի հարձակման տակ է, որում մեծ դերակատարում ունեն նաեւ «իշխանական» լրատվամիջոցները։

Մարուքյանը, անդրադառնալով իշխող խմբակցության ներկայացուցիչների հնչեցրած այն կարծիքներին, թե ընդդիմությունը կարողացել է ազատ դեմ քվեարկել կառավարության ծրագրին և կարողացել է հարցեր տալ կառավարությանը, ասաց․

«Իրենք կարծում են, թե հանդուրժող ու սիրալիր էի՞ն։ Իրոք ասել են՝ կարողացել ենք հարցեր տա՞լ, ինչի՞, նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, ուզեցել են հարց տալ, եկել են, ծեծե՞լ են բազկաթոռի վրա, եղել ա՞ դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տալ»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ որեւէ բան իրենց չի կանգնեցրել նախկինում եւ չի կանգնեցնի հիմա․ իրենք զուսպ, հանդարտ, իրենց գաղափարներին հավատարիմ՝ շարունակելու են աշխատել։