«Իրատես» թերթը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս: Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել: Այնպես չէ «իշխող կուսակցության ներսում, որ Սոֆյայի տեսակետը կիսողներ չկան, բայց քիչ չեն նաեւ ՀԱԿ-ի այլ անդամների ասածներն անվերապահորեն ընդունողները: Հետագա գլխացավանքից զերծ մնալու համար երիտասարդ պատգամավորին խմբակցության առավել հասուն ու գրագետ զանգվածը հորդորել է «ջրել» թեման, եթե պետք լինի անգամ զիջողական դիրք ընդունել ու խուսափել հետագա շահարկումներից: Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում