ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը:

Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեցին պատգամավորները:

«Մենք, իհարկե, քննարկել ենք այլընտրանքային ճանապարհի հարցը: Խնդիրը պահանջում է քաղաքական լուծումներ: Խնդիրը տնտեսական չէ: Բայց առայժմ շտապողականություն չենք ցուցաբերում և չենք ասում, թե դա ինչպես է լուծվելու»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց` ինքը դիտարկում է այլ ճանապարհ` Իրանով դեպի Ռուսաստան, դեպի Աստրախան: Պատգամավորը նկատեց` պետք չէ միայն մեկ խնդիր դիտարկել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց` փետրվարի 6-ի հանդիպումը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև չի ստացվել, ընդհանուր հայտարարի չեն եկել: «Եվ Կալաշնիկովն ակնարկ արեց, որ այդ քննարկումները չեն դադարում տեղի ունենալ`  մասնավորապես Հարավային Օսեթիայի ճանապարհի հարցում: Շատ փակագծեր իրենք էլ չբացեցին: Ամեն դեպքում մենք նորից դիտարկում ենք ծովը որպես այլընտրանքային ճանապարհ: Երկու ծովային այլընտրանքային ճանապարհները դիտարկում ենք»,- եզրափակեց պատգամավորը: