Հայ ազգային կոնգրեսը օրերս արած հայտարարությամբ ՀՀ կառավարությանն առաջարկել է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կիսանախագահական համակարգին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ և արմատապես փոխել ԸՕ-ն: Պարզելու համար՝ արդյոք մեզ անհրաժեշտ են նման փոփոխություններ, թե ոչ, ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

Похожее изображение

 

Վերջինիս կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց փոփոխությունները չպետք է միտված լինեն կիսանախագահական համակարգին վերադառնալուն․ «Դրանով պետությունը կդառնա կեղծ, կրկեսային կվազիպետություն, ինչպիսին դարձավ Ուկրաինան։ Սահմանադրությունը խաղալիք չէ՝ երբ ուզենան փոփոխեն, և այսօր անգրագետ տեսակետ է հնչեցվում, որ նոր քաղաքական իրողությունները պահանջում են նոր Սահմանադրություն։ Սա սխալ մոտեցում է, քանի որ ճիշտ պետության մեջ ոչ թե Սահմանադրությունը պետք է բխի քաղաքական իրողությունից, այլ հակառակը։ Սահմանադրական փոփոխություններն իրականացվում են երկու ձևով՝ Սահմանադրության մեջ ուղղումներ և լրացումներ։ Եթե նորից անցնենք կիսանախագահական ձևին՝ կստացվի, որ մի ամբողջ Սահմանադրության հեղինակներ և ամբողջ հանրությունը, որը կողմ է քվեարկել՝ տխմար են դուրս եկել․ միանգամայն սխալ մոդել են մշակել ու ընդունել և հիմա դրանից հրաժարվում, անցնում ենք նախորդին»,- ասաց նա։  

Սահմանադրագետի խոսքով՝ Սահմանադրությունն այսօրվա դրությամբ կարիք ունի այլ ոլորտների շտկումների, որի անհրաժեշտությունն առնչվում է սուպերվարչապետության ինստիտուտի մեղմացմանը՝ Սահմանադրության մեջ հակակշիռների կառուցակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև ՀՀ նախագահի տեղի և դերի ճշտգրտմանը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք սահմանադրական կարգավորումներում դիմեցինք բազում թատրոնային մեթոդների։ Վարչապետի հրաժարականից հետո նորից առաջադրում, սակայն պայմանով, որ սատարող ուժերը չընտրեն նրան. սա նման էր կրկեսի, ինչի նախադրյալները տալիս է ներկա Սահմանադրությունը։ Այս խնդիրները պետք է կարգավորվեն, և ոչ թե ԱԺ-ն պետք է լուծարվի, այլ պետք է սահմանվեն լուծարման հստակ հիմքերը։ Եթե հակասություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, և հանրությունն աջակցում է վերջինիս, ապա օրենսդիր իշխանությունը պետք է լուծարվի, որը պետք է անի նախագահը, մինչդեռ այսօր նախագահն այս ներդաշնակությունն ապահովելու կառուցակարգով օժտված չէ։ Ժամանակը ցույց տվեց, որ ժողովուրդը հանրային պահանջի միջոցով կարող է խաղաղ ձևով կատարել իշխանափոխություն և կարծում եմ՝ նման երևույթները շարունակական են լինելու, քանի որ մեր ժողովուրդը փորձը ձեռք է բերել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախկին կառավարական համակարգին անցնելը կլինի կրկես։

Նա նշեց, որ նախկին և ներկա իշխանությունները չեն տիրապետում Սահմանադրության կազմելու տեխնիկային՝ ինչպես պետք է գրվի և ինչպիսի որակական չափանիշներ պետք է սահմանված լինեն, որպեսզի հանրությանն ու իշխանությանը փակուղու առջև չկանգնեցնի։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը և ինչո՞ւ հենց հիմա հանդես եկավ նման հայտարարությամբ՝ հարցին ի պատասխան Այվազյանը նկատեց՝ նպատակը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն է․ «Տեսնելով, որ իշխանության վարկանիշը օր օրի անկում է ապրում, ըստ էության, ուզում են սահմանադրական փոփոխությունների առումով համապետական ընտրության հնարավորություն ստեղծել։ Նախագահի ինստիտուտ ստեղծելով՝ փորձել մասնակցել այդ ընտրություններին և այդ ֆոնի վրա հույս ունենալ, որ կարող են հաջողությունների հասնել»,- նշեց սահմանադրագետը։

Սոնա Հարությունյան