2018-ին ոստիկանությունը հայտարարեց, որ արագաչափերի և տեսախցիկների «բիզնեսով» զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետությունից հափշտակել է մոտ 1 միլիարդ դրամ։ 2019-ին ոստիկանությունը կրկին պայմանագիր է կնքել «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ։ Ի դեպ, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ամեն քայլափոխի տեղադրված տեսասարքերը ծառայում են բացառապես անհատների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գրպանին և այդ իմաստով հասկանալի է դառնում դրանց՝ օրեցօր ավելացող քանակը:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Գյումրիից մեկնարկած քայլարշավի ամբողջ ընթացքում արագաչափերի թեման էին շահարկում, դրանց օբյեկտիվները փակում էին ու հայտարարում, որ դրանք Սաշիկինն են ու իրենք «անտիսաշիկ» օպերացիա են իրականացնում՝ սկոչով փակելով ու ոտանավոր արտասանելով: Այդպիսով, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրությանը հասկացնում էին, որ եթե իրենք գան իշխանության, ապա Փաշինյանի նախկին ելույթների համաձայն՝ կվերացնեն արագաչափերը: Ինչպես հայտնի է, վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը «մոռացավ» իր հայտարարությունների ու վարքագծի մասին և ավելացրեց արագաչափերը: Ավելին՝ հայտարարվեց, որ Սաշիկը որևէ կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ:

Սարգսյանն էլ վարձահատույց եղավ. այսօր տեղեկություն տարածվեց, որ Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար: Ոստիկանությունն էլ ըստ այդմ չի խորշում պայմանագիր կնքել մի ընկերության հետ, որը պետությունից հափշտակել էր 1 միլիարդ դրամ: Ի՞նչ է աստացվում. կամ Սաշիկ Սարգսյանը նախկինի պես կոռուպցիոներ է, պարզապես մուծվում է արդեն ուրիշ գանձարան, կամ էլ Սաշիկ Սարգսյանը սուրբ մարդ է, պարզապես նրան տարիներ շարունակ զրպարտել են: Քանի որ Նիկոլ Փաշինյանը հանրայնորեն հայտարարում է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, մնում է երկրորդ տարբերակը: Այդ դեպքում արդյո՞ք պատրաստվում են նոր իշխանությունները ներողություն խնդրել տարիներ շարունակ Սաշիկ Սարգսյանի մաքուր անունը և պատիվը արատավորելու համար…