Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով: Առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաև GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը:  

Այս թեմայով զրուցել ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի և ԵՄ միջև առևտրի կարգավորող միջավայրը և ներդրումային միջավայրը բարելավելու համար՝ մի շարք ոլորտներում երկկողմ առավել ակտիվ համագործակցության, առևտրային միջավայրի թափանցիկության ապահովման, տեղեկատվության փոխանակման և խոչընդոտների վերացման միջոցով: Դրանով մասնավորապես, կբարելավվի համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների, մրցակցության պաշտպանության, մաքսային հարցերի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների և այլ ոլորտներում: Այս ամենը գործոններ են, որոնք նախապայմաններ են ստեղծում բիզնեսի համար կայունության և կանխատեսելիության բարձրացման, կողմերի միջև գործարար շփումների ու կապերի առավել ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ու զարգացման, երկկողմ հարաբերությունների որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասաց Մայսուրյանն ու շեշտեց՝ դրանք անշուշտ դրականորեն կանդրադառնան առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի աճել է 19 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար՝ 2017-ի  1 մլրդ  537 մլն 564 հազարի համեմատ: ԵՄ երկրներից առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը 2018-ին գրանցվել է Գերմանիայի հետ՝ 427 մլն 993.3 հազար դոլար՝ 2017-ի հունվար-դեկտեմբերի 334 մլն 279.5 հազար դոլարի համեմատ աճելով 28 տոկոսով: 

2018-ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 683 մլն 847 հազար դոլար՝ 2017թ. 633 մլն 757 հազար դոլարի համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ընդ որում` Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Բուլղարիա՝ 215 մլն 270 հազար դոլար՝ թեև այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 23.8 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Գերմանիա՝ 136 մլն 79հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 2.2 տոկոսով: Արտահանման երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ 132 մլն 356 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 49.4 տոկոսով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում` պղնձի հանքաքարեր և խտահանքերը, չզտված պղինձը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղը, մանածագործական արտադրանքը, ալկոհոլային խմիչքը, թանկարժեք քարեր և մետաղները, մոլիբդենը և դրանից պատրաստված արտադրատեսակները:

Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ տարի դեպի ԵՄ երկրներ արտահանման գործընթացի դյուրացմանը նպաստել է նաև մեկ այլ գործոն: 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» ((Registered Exporter System-REX): GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝  յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար: