Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն. դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն. դրամի չափով գումար:

Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ  322 հայտից պարզեցված ընթացակարգով բավարարվել է 228-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 1.021,6 մլն. դրամ, իսկ 94 հայտ չի բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և դրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:

Մինչև 2019 թվականը գոր­ծող կարգով՝ ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­վող գումարները միասնական հաշիվ մուտ­քագրելու պար­զեցված ընթա­­ցա­կարգ կիրառվում էր այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել էր հարկային մարմնի կողմից նախկինում իրականացված ուսումնասիրությամբ կամ ստուգ­մամբ: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխ­հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց­ված ընթա­ցա­կարգի կիրա­ռության շրջանակի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 17.01.2019թ. N 30-Ն որոշման համաձայն 95 տոկոսի սահմանաչափը նվազեցվել է՝ սահմանելով այն 90 տոկոս:

Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 79.326,5 մլն. դրամի չափով գումար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 59.950,3 մլն. դրամ գումար կամ 2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 3տոկոսով:

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված, սկսած 2017 թվականի 2-րդ կիսամյակից ԱԱՀ վճարողներին ընձեռվեց իրենց շրջանառու միջոցներն առավել արդյունավետ կերպով տնօրինելու և օգտագործելու հնարավորություն: Այսպես` ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն, «Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին»:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) 11.450,1 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 208 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 10.820,1 մլն. դրամը (կիսամյակային դեբետ), որն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին,  հիմնավորված չի համարվել 630,0 մլն. դրամի չափով գումար:

Այսպիսով, 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն. դրամի չափով ԱԱՀ:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող գումարների, հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով բավարարված դիմումների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 8.299,3 մլն. դրամի չափով ԱԱՀ: Նույն ցուցանիշը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 1.776,5 մլն. դրամ: