Հրապարակները մեքենաներից ազատելու՝ քաղաքապետարանի օպերացիան բավականին ցավոտ էր վարորդների համար։ Դեռևս մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետը «Հրապարակները պետք է ծառայեն որպես հրապարակներ» կարգախոսով կարգավորեց հրապարակների բեռնվածության խնդիրը՝ պարզապես արգելելով կայանումը՝ առանց որևէ այլընտրանքի։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Շահումյան հրապարակին, որտեղ գտնվում են «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները։ Դրանց բազմաթիվ աշխատակիցներ, փաստորեն, այս որոշմամբ հայտնվեցին խնդրի առջև՝ ստիպված լինելով փնտրել նոր կայանատեղի՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Իսկ խնդրի կարգավորման համար քաղաքապետարանը դեռևս որևէ տեսանելի աշխատանք չի իրականացրել։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ ոչ միայն Շահումյան հրապարակում, այլև ողջ քաղաքում է կայանելը դժվարացել․ «Վերջին փոփոխություններից, խստացումներից հետո կայանման խնդիր է առաջացել, բայց ավելի շատ ինձ մտահոգում է  ոչ թե այն, որ հրապարակը կամ պուրակը  ազատելուց այդ խնդիրն է առաջանում, այլ այն, որ լուծումների մասին չեն մտածում։ Փոխարենն ասում են՝ երկար քայլեք, իսկ քաղաքի կայանման խնդիրը լուծելու ուղղություն չեն վերցնում»,-ասաց Խաժակյանը և հավելեց, որ կայանումը բարդացել է ոչ միայն Շահումյան հրապարակում, ուստի՝ սխալ է բոլոր հնարավոր ոչ մայթային վայրերում կայանումն արգելելը։

Դավիթ Խաժակյանը չի վիճարկում քաղաքապետի այս որոշման լավ կամ վատ լինելը, պարզապես առավել առաջնային է համարում մայրաքաղաքում կայանման խնդիրը լուծելը, քան՝ հրապարակ ազատելը։ Իսկ  հրապարակների ազատագրման գործընթացում տեսնում է նաև Հանրապետության հրապարակի ազատագրումը․

«Ես դեմ չեմ, լավ է, որ հրապարակն ազատվում է, լավ է, որ հրապարակը ծառայում է ոչ կայանման համար, նույնն էլ կասեմ՝ լավ կլինի, եթե Հանրապետության հրապարակն ազատվի և կառավարության անդամներն էլ իրենց նեղություն տան և Հանրապետության հրապարկում չկայանեն։ Եթե գնանք այդ տրամաբանությամբ, որ հրապարակները պետք է, ինչպես իրենք են ասում, «ազատագրվեն», ուրեմն թող ազատագրեն նաև Հանրապետության Հրապարակը, և թե՛ կառավարության մեքենաները, թե՛ հարակից մյուս կազմակերպությունների մեքենաները արգելվեն կայանել։ Տեսնենք՝ ինչ լրացուցիչ խնդիր կհարուցվի,-ընդգծեց ավագանու անդամը։

Որպես խնդրի լուծման տարբերակ՝ Խաժակյանը տեսնում է բազմահարկ ավտոկայանտեղիների կառուցումը, որի համար պետք է սկսեն տեղեր նախատեսվել, բայց տեսնում է, որ «դեռևս պրակտիկ գործընթաց այդ առումով չկա»։