ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեն աչալրջորեն հետևում է նորընտիր պատգամավորների խոսքին:

Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նա տեղեկացրեց, որ պատգամավորների խոսքից դուրս են բերվելու տարածված սխալները և ներկայացվելու են նրանց:

«Սկզբում մենք սխալների վերաբերյալ հորդորակը կուղարկենք բոլոր պատգամավորներին՝ առանց անունները նշելու: Հաշվի առնելով, որ անփորձ են, չենք ուզում անձնավորել: Հաջորդ անգամ արդեն և՛ պատգամավորներին, և՛ հանրությանը կտեղեկացնենք»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահը նշեց, որ ոմանք նամակներ են գրում՝ ասելով, թե ինչու դասընթացներ չեն կազմակերպվում պաշտոնյաների համար: Դավիթ Գյուրջինյանի խոսքով, կոմիտեն նման գործառույթ չունի:

«Այդ դերը ստանձնել են մեր հորդորակները և ֆեյսբուքյան էջի հրապարակումները: Երբեմն մեզնից դժգոհում են՝ ասելով, թե ինչու է այսինչ մարդն է օժանդակ բայի փոխարեն օգտագործում ա տառը: Այո, խնդիրը կա, սակայն մենք չենք կարող յուրաքանչյուրի լեզուն դարձնել մանրադիտակային քննության առարկա: Սխալների մասին ընդհանուր ասում ենք բոլորին»,-ընդգծեց նա: