Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն անհատույց պետությանն է փոխանցել 18․5 մլն դոլար։ Պետք է նկատենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, թե Սաշիկ Սարգսյանի միայն մեկ հաշվեհամարում 30 միլիոն դոլար գումար կա, որի վրա կալանք է դրված։ Սրան էլ հաջորդել էր Սարգսյանի կողմից հայտարարությունը՝ իր ունեցվածքի մի մասը պետությանը նվիրաբերելու պատրաստակամության մասին։
Նվիրաբերության անսպասելի հայտարարությունը, այնուհետև՝ 18․5 մլն փոխանցումը համացանցում շատերի կողմից դարձավ քննարկումների առիթ, մասնավորապես, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով վերոնշյալին, գրել է․ «Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: Ինչո՞ւ, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունո՞ւմ է գողություների մի մասը, «կամավոր»և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն»։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Խառատյանը հայտնեց, թե նվիրատվությունների նմանօրինակ դեպքերը հանգեցնում են այն մտքին, որ իշխանությունը ցանկանում է ստվերային գումարները կամ ոչ օրինավոր ճանապարհով ձեռք բերված գումարները մասամբ վերադարձնել՝ ինչ-որ փոխզիջումներով։
Ըստ Խառատյանի՝ պետության և նախկին իշխանության օրոք անօրինական ճանապարհով հարստացածների միջև տեղի է ունենում վատ գործարք։ Իսկ հարցին՝ հնարավո՞ր է այդ անհատույց փոխանցումները լինեն ճնշումների ներքո, Խառատյանը պատասախանեց․
«Ես այստեղ ճնշում չեմ տեսնում, ճիշտ հակառակը՝ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ազատում ենք օրինական պատասխանատվությունից, բերեք, հետ վերադարձրեք։ Ես սա գործարք եմ համարում և վատ գործարք եմ համարում։ Օրինականությունից չպետք է շեղվել։ Կարծում եմ՝ ճիշտը օրենքով և իրավական ճանապարհով գնալն է։ Եթե ունենք բավարար ապացույցներ և հոդվածը մարդու նկատմամբ կիրառելի է, պետք է լինի դատական նորմալ գործընթաց»։
Նկատենք, որ իշխանափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, որ պատասխանատվությունից խուսափելու համար նախկին իշխանության օրոք հարստացածները նվիրատվություն կամ էլ անհատույց փոխանցումներ են կատարում պետությանը։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ