Ինչպես տեղեկացրել էինք՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով զուգարանների խայտառակ ու հակասանիտարական վիճակը: Նա արձանագրել է՝ այստեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել: 

Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ է տեղի ունեցել, որին առնչվում է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է), ով նաև գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:

Ըստ լուրերի՝ նրա հորդորով երկու տղամարդու են ծեծի ենթարկել՝ «իրենց լավ չպահելու համար»

Նշենք, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենը երկար տարիներ եղել է վերջինիս եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը, ով ազատվել է աշխատանքից՝ տնօրենի պաշտոնում այլ մարդու նշանակվելու հետևանքով:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը նշեց, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենի պաշտոնը արդեն մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է Ռոման Համբարձումյանը:

Ըստ վարկածի՝ քանի որ տարիներ շարունակ ավտոկայանի «տերն ու տիրակալը» Բոգոն է եղել՝ չի բացառվում, որ հենց դա էլ պատճառ է դարձել տարաձայնությունների, հատկապես, որ ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բոգոն իշխանափոխությունից հետո «շատ լարված է, հետը խոսել չի լինում»

Կան խոսակցություններ, որ նոր իշխանությունները մեծ ուշադրությամբ հետևում են Բոգոյի գործունեությանը և առանձին անձինք անգամ աչք են դրել ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր առանց աղմուկի մեզ հետ կիսվիր:

Այս առնչությամբ ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են. «Ահազանգած քաղաքացին ներկայացել է որպես ավտոկայանի տնօրեն և հայտնել, որ ավտոկայանում հասարակական կարգի խախտման վտանգ կա և ոստիկանություն է կանչել: Մոտեցել են ոստիկանները, պարզել՝ ոչ խախտվել է հասարակական կարգը, ոչ էլ վտանգ կա»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Տրանսպորտի նախարարն այցի ընթացքում անդրադարձել է նաև սպասասրահի խնդրին՝ նշելով, որ ջեռուցում չկա, սառը նստարաններին նստելն անհնար է: Նախարարը ֆիքսել է նաև սպասասրահում գործող և վարձակալական հիմունքներով տրամադրված տարածքները:

Ի դեպ, այդ տարածքները, ըստ խոսակցությունների, երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են:

Կարծիք կա, որ եթե դրանց անօրինականության մասին չի բարձրաձայնել նախարարը, ապա կամ պարզապես ուշադրություն չի դարձրել կամ էլ՝ արագորեն բերվել են օրինական դաշտ իշխանափոխությունից ու, մասնավորապես, տնօրենի հաստիքը այլ մարդու հանձնելու մասին խոսակցություններից հետո «ջրից չոր դուրս գալու համար»: