Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին»,-ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն գտնվում է նախաքննության փուլում: «Պարոն Ավետիսյանի որդին դիմել է պետությանը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու ցանկություն  հայտնելով: Այդ գործընթացը ընթացքի մեջ է: Քրեական գործն իր հունով շարունակում է քննվել»,-ասաց Վանեցյանը:

Հարցին՝ արդյո՞ք հյուրանոցն արդեն իսկ գտնվում է պետության վերահսկողության տակ՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն դեռևս պետությանը չի հանձնվել, գործընթացը վարում է Պետգույքի կառավարման կոմիտեն: