«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են պահվել հանդիպումից անմիջապես հետո, սակայն, արարողակարգի համաձայն, տարածաշրջանային այցի ընթացքում դրա մասին արդեն խոսվում է պաշտոնական հաղորդագրությամբ:

Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ այդ համաձայնությունների հետ կապված համանախագահները լուրջ ոգեւորվածության մեջ են: Բանն այն է, որ համանախագահներին ուրախացնում է այն փաստը, որ հեղափոխությունից հետո բանակցությունների՝ որոշակիորեն արգելակված գործընթացը սոսկ ճանաչողականից մտնում է «կառուցողական հուն»: Նաեւ դրանով էր պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, քանզի արդեն վերլուծություններ էին կատարվում, որ նրանք ստվերվում են «ոչ պաշտոնական» եւ «ինքնուրույն» բանակցությունների ֆոնին:

Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետ Փաշինյանն իր թիմակիցներին «սաստել» է Արցախի հիմնահարցով մի շարք հարցազրույցների համար եւ կոչ է արել այս թեմայով որեւէ հրապարակային մեկնաբանություն չանել առանց իր հետ համաձաայնեցնելու՝ «բլթոցներից» խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում