«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ էր արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակները, թե ինչու են ուզում աշխատել եւ ինչ կարող են անել, ուղարկել կառավարություն։ Դրանցից պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։

Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան 2 հազար նամակ եւ CV, որոնցից ընտրվել է 50-ը։ Այս մարդկանց հետ «Քաղպայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը։ Նրանք քննել են պաշտոնի հավակնորդներին։

«Քասթինգն» անցկացվել է քաղաքական եւ հայեցողական բարձր պաշտոնների համար, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրանց հանդեպ վերաբերմունքից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։

Մեր զրուցակիցը, ով «քասթինգի» մասնակիցներից է եղել, ասաց, որ տպավորություն է ստացել, թե հարցազրույցն անցկացնողներն այնքան էլ չէին տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս, եւ երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ «Քասթինգին» մասնակցածները դեռ չեն ստացել պատասխան՝ ընդունվե՞լ է իրենց հայտը, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում