ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էմեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման օրենսդրական նախագիծը՝ հղում կատարելով նախագծին, որը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 Նախագծի բովանդակությունը հետևյալն է.

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից»։