Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են եղել, և այդ քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ռամին Վալադանն է:

Վերջինս 2018 թ.-ի նոյեմբերից հետախուզվում էր միջազգային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:

Կայքի տեղեկություններով՝ Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ նա Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է: