«Փաստ» թերթը գրում է.

«Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, նոր իշխանության որոշ մարզպետներ առանձին դեպքերում անցնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներն ու միջամտում համայնքների ղեկավարների և անգամ ավագանիների գործերին։ Ոլորտի հնաբնակները թերթի լրագրողի հետ զրույցում նշում էին, որ այդպիսի բացահայտ միջամտություններ ՏԻՄ համակարգը չի տեսել իր կազմավորման օրից ի վեր։

Մասնավորապես, հրամայական ցուցումներ են իջեցնում համայնքներին, որ այսուհետ բոլոր հողահատկացումներն արվեն բացառապես մարզպետի հետ համաձայնեցնելուց հետո, ինչն ինքնին լիազորությունների ակնհայտ չարաշահում է։ «Այս գործելաոճով այդ մարզպետները ցանկանում են վարչապետին ցույց տալ իրենց աշխատանքի արդյունավետությունն ու իրավիճակին տիրապետելու կարողությունը՝ չգիտակցելով, որ ուղիղ հարված են հասցնում կառավարության հեղինակությանը»,–ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Ըստ թերթի աղբյուրի՝ այսպիսի քայլերով աչքի են ընկնում հատկապես այն մարզպետները, որոնց կենսագրությունը սկսվում ու ավարտվում է Փաշինյանի հետ քայլելով։ Թերթն առաջիկայում կներկայացնի մարզերից մեկի ղեկավարի հետ կապված մի քանի բացահայտումներ, որտեղ ակնհայտ է դառնում, որ տվյալ մարզպետը շարժվում է ոչ թե պետական շահով, այլ զուտ անձնական, իսկ առավելագույնը՝ կուսակցական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում