Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը: Ի տարբերություն նոր կառավարության շատ ու շատ այլ նշանակումների, այս դեպքում գրեթե քննադատություններ չհնչեցին: Կարծես Չոբանյանի նշանակումը ողջունվեց, մարդիկ հույսեր կապեցին նրա հետ:

ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում նորանշանակ մարզպետը կարծիք հայտնեց, թե Հայաստանի զարգացումը պետք է մարզերից սկսվի, իսկ Տավուշն ամենամեծ ներուժ ունեցող տարածաշրջանն է։ 

-Կադրային փոփոխություններ կատարե՞լ եք մարզպետարանում կամ առաջիկայում պատրաստվո՞ւմ եք իրականացնել:

- Արդեն առիթ եմ ունեցել հայտարարելու, որ նպատակ ունեմ լավագույն մասնագետներին ներգրավել մարզի զարգացման ծրագրերում և նախաձեռնություններում։ Կարծում եմ՝ դանդաղ, բայց հաջողվում է։ Նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց կարիքը շատ ունենք։ Առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ բոլոր մարզպետարաններում, այդ թվում՝  նաև Տավուշում։

- Ինչպե՞ս կգնահատեք նախկին մարզպետի աշխատանքը: Նա հասցրե՞լ է ինչ-որ բան անել մի քանի ամիսների ընթացքում:

- Նախկին մարզպետը միևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչ է եղել և փորձել է առավելագույնս լուծել մարզի առջև դրված խնդիրները։ Անշուշտ, ունեցել է հաջողություններ։ Ես փորձում եմ ավելի համակարգային լուծումներ ներդնել՝ առավել արդյունավետություն և կայուն զարգացում ապահովելու համար։

-Հասցրե՞լ եք ծանոթանալ մարզի խնդիրներին: Որո՞նք են առաջնային լուծում պահանջող խնդիրները և որո՞նց լուծմանն եք արդեն իսկ ձեռնամուխ եղել:

- Մարզի բոլոր հիմնական խնդիրները ձևակերպված են, նրանց լուծումներն են ձևակերպվում։ Բոլորն առաջնային են, աշխատում ենք զուգահեռ։

-Ի՞նչ նախաձեռնություններ, ծրագրեր ունեք առաջիկայում՝ մարզը զարգացնելու համար: Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել սահմանամերձ համայնքներում:

-Կարելի է գիրք գրել Ձեր այս հարցին ի պատասխան։ Կարծում եմ՝ հաջողվում է համախմբել հիմնական ռեսուրսները։ Ծրագրերը բաժանում ենք ըստ ոլորտների և առաջնահերթությունների, ստեղծում ենք նոր հարթակներ, սերտորեն աշխատում ենք գործարար համայնքի հետ, ձևավորում ենք պետություն-մասնավոր համագործակցության և վստահության միջավայր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ծրագրերի ապագա կայունության և կենսունակության ապահովման վրա։

Սահմանամերձ համայնքները Տավուշի մարզի պարագայում գրեթե ամենուր են։ Արդյունքում մենք առնչվում ենք անվտանգության, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության հատուկ իրավիճակների, որոնք պահանջում են հատուկ դիվերսիֆիկացված քաղաքականություն։ Երկու հիմնական բաղադրիչները տնտեսությունն ու անվտանգությունն է, թիվ մեկ արդյունքը՝ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը։

- Ի՞նչ խնդիրների եք բախվել Ձեր պլաններն իրականացնելիս:

-Երկու մարտահրավեր կա՝ բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ, նվիրված և գործունյա մարդկանց գտնելն ու ներգրավելը, ինչպես նաև շատ կարծրատիպեր ջարդելը։

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք՝ Հայաստանում կան ոլորտներ, որոնք չեն ռեալիզացվում, երբ դրա հնարավորություններն անսահմանափակ են: Տավուշի մարզում ո՞ր ոլորտները կմատնանշեք:

- Ցավոք, մարզում չկա որևէ ոլորտ, որը ռեալիզացված է գոնե պոտենցիալի կեսով։ Գյուղատնտեսության տվյալները բազմապատիկ զիջում են նույնիսկ խորհրդային տարիների տվյալներին, այն դեպքում, երբ անցած երեսուն տարիների ընթացքում գյուղատնտեսության արտադրողականությունն աշխարհում ավելացել է կարգով։ Վերամշակումն ավելի վատ վիճակում է։ Օրինակ, ամբողջ մարզում կաթի մթերման և վերամշակման լուրջ գործարան չկա և այլն։ Առավելագույն և երկարաժամկետ փոփոխությունների ապահովման համար համակարգային լուծումների ապահովումն է, այլապես՝ հատիկ-հատիկ լուծումներ տալու համար ժամանակ և ռեսուրս չունենք։

-Պարո՛ն Չոբանյան, մինչ մարզպետ դառնալը Դուք զբաղվում էիք Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը միտված գործունեությամբ և բավականին լավ եք պատկերացնում շուկան: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այն գերակա ճյուղ դարձնել Տավուշում, մարզը դարձնել արևային էներգետիկայի կենտրոն և, օրինակ, ծրագիր մշակել, որով պանելներն անվճար կտրամադրվեն սոցիալապես անապահով բնակիչներին։ Նման ներդրումային ծրագիր նախատեսվո՞ւմ է։

- Էներգիաարդյունավետությունը մեր տնտեսական գերակայություններից մեկը պետք է դառնա, որովհետև դա ոչ միայն հնարավորություն է տալիս գումար տնտեսելու, այլև տնտեսական կամ բիզնես ոլորտում հնարավորություն է տալիս էապես ազդելու ապրանքի ինքնարժեքի վրա և դրանով ավելի մրցունակ դարձնելու ապրանքը: Դա վերաբերում է ցանկացած տնտեսությանը, արտադրությանը: Այս առումով, անշուշտ, դա պետք է լինի գերակա ուղղություն նաև Տավուշի մարզում համատարած օգտագործմամբ և՛ տնտեսական ոլորտում, և՛ անհատական ոլորտում, և՛ պետական համակագում:

Այո՛, այս պահին արդեն կան ներդրումային առաջարկություններ, դեռևս չենք կարող խոսել դրա ժամկետների մասին, բայց կարծում եմ՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք արդեն նորություն կունենանք և հունիսին նախատեսվող բիզնես ֆորումի ժամանակ այդ ծրագրերը ևս կներկայացվեն:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի