Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անչափ ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, որ «Մարտի 1»-ի քրեական գործը ե՛ւ ավագ կազմի, ե՛ւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: Ավելին՝ խոսելով մարտիմեկյան իրադարձություններին զինված ուժերի ներգրավման մասին, ՊՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ բանակն այդ գործողություններին ներառվել է իր պարտականությունների շրջանակում: Նման գնահատական էլ վերջերս հնչեցրել էր Գլխավոր շտաբի պետը:
 
Ստացվում է՝ քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանում է՝ առաջ քաշելով մեկ սցենար, իսկ երկրի ռազմական ղեկավարությունը պաշտպանում է լրիվ այլ սցենար, որի դեպքում ստացվում է՝ բանակի միջամտությունն իրավաչափ էր, հետևաբար, կասկածի տակ է առնվում ներկայում ընթացող դատավարությունների, ներկայացրած մեղադրանքների օրինականությունը:
 
Վերջին օրերին ևս մեկ հակասություն ի հայտ եկավ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում: Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական զորքերը անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել Սիրիայում տարվող ռազմական գործողություններում: Բառացիորեն մեկ օր հետո Փաշինյանը փաստացի հերքեց իր ՊՆ ղեկավարին, հայտարարելով, որ Հայաստանը Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու որևէ ծրագիր չունի:
 
Այսօրվա դրվագը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Դավիթ Տոնոյանի և Նիկոլ Փաշինյանի տեսակետները և գնահատականները հետհեղափոխական Հայաստանում ծավալվող գործընթացներին՝ միանշանակ տարբերվում են, իսկ առկա հակասությունը, որը նշմարվել էր դեռևս ամիսներ առաջ՝ այսօր անգամ փորձ չի արվում կոծկել...