Մի քանի լրատվամիջոցի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով Առավոտի հարցին, Սերժ Սարգսյանը փաստացի շատ կարեւոր խոստովանություն է արել.
«Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով»:
Նախ, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Հայաստանի խորհրդարանը դե յուրե լինելով օրինական, դե ֆակտո ապօրինի է, որովհետեւ այնտեղ կան պատգամավորներ, որոնք գործարար են փաստացի, բայց գործարար չեն փաստաթղթով:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ նա չունի այդ մարդկանց պարտադրելու հնարավորություն: «Եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում» ձեւակերպումը զուտ անձնական հարթությունից է, այսինքն՝ եթե տվյալ պատգամավորը արդեն չի սպառնում անձնապես Սերժ Սարգսյանի իշխանությանը: Բանն այն է, որ օրինախախտումը կամ հակասահմանադրականությունը ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ չի լինում: Օրինախախտման աստիճանը որոշում է քրեական օրենսգիրքը, ոչ թե Սերժ Սարգսյանը, որ ըստ այդմ էլ ընտրի՝ պարտադրել, թե խնդրել գործարար պատգամավորին:
Սարգսյանի խոսքի ենթատեքստն ընդհանուր առմամբ բնական է. օլիգարխիան Հայաստանում չափազանց մեծ իշխանություն է կուտակել, եւ Սերժ Սարգսյանն իսկապես անկարող է այդ իշխանությանը շատ բաներ պարտադրել: Անկարող կլիներ ցանկացած նախագահ, եթե օլիգարխիան մնում է իր այն դիրքերին, որոնք ունի այժմ:
Բայց, ո՞վ էր Սերժ Սարգսյանին խնդրում կամ պարտադրում խորհրդարանի ընտրությանը մեծամասնական ընտրատարածքներում բարձրանալ հարթակ ու քաղաքացիներին կոչ անել քվեարկել այս կամ այն օլիգարխի կամ թաղային հեղինակության օգտին, օրինակ Սամվել Ալեքսանյանի, օրինակ Մհեր Սեդրակյանի, եւ այլ անձանց, որոնք ներկայում դարձել են պատգամավոր:
Հասկանալի է, որ Սարգսյանը նրանց չի կարող շատ բաներ պարտադրել, բայց գոնե կարո՞ղ էր նրանց օգտին քվեարկելու կոչեր չանել:
Կամ, կարո՞ղ էր արդյոք իր հետընտրական ասուլիսի ընթացքում խորհրդարանում հավաքված այդ բույլի պատիվը չպաշտպանել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների պատվի հաշվին:
«…ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհը երեք ամիս առաջ ավարտած երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ», ասում է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծում է, որ մականունավոր օլիգարխիայի ներկայացուցիչներն ու թաղային հեղինակություններն ունեն հասուն լրագրողների կարիք, որպեսզի դրսեւորեն իրենց մտքի եւ ինտելեկտի ամբողջ հմայքը, հանդես գան ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակի հայտարարություններով, ներկայացնեն համաշխարհային տնտեսության ռազմավարական հեռանկարների մասին իրենց պատկերացումներն ու ծավալեն միջազգային անվտանգության շուրջ քաղաքական եւ փիլիսոփայական բանավեճեր:
Այն, որ թե խորհրդարանի աշխատանքի լուսաբանման, թե ընդհանրապես լրագրողական միջավայրի պրոֆեսիոնալ մակարդակը ունեցել է զգալի, էական անկում, գրեթե անվիճելի է: Դա, ի դեպ, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնց մի զգալի մասն էլ կապված է երկրում առկա իրավիճակի՝ տնտեսական ու քաղաքական մենաշնորհների, տնտեսական քաղաքականության անարդյունավետության հետ:
Ընդ որում, անփորձ լրագրողների եւ հատկապես լրագրողուհիների ամենամեծ պահանջարկը հենց խորհրդարանում է, որովհետեւ օդիոզ պատգամավորախմբի համար առավել հեշտ է լեզու գտնել հենց այդ լրագրողների հետ, քան առավել հասուն եւ պրոֆեսիոնալ, որովհետեւ պրոֆեսիոնալների զգալի մասին հետաքրքրում է հենց պրոֆեսիան, թեեւ իհարկե լինում են բավական խոսուն բացառություններ նաեւ այդ շարքում:
Միգուցե Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ անփորձ լրագրողները հենց գնում են այդօրինակ գործարքի, իսկ ահա փորձառու լրագրողները այնպիսի հարցեր կտան, որ օլիգարխիան եւ թաղայինները կմերկանան:
Պարզապես խնդիրն այն է, որ այդ հարցում լրագրողները վաղուց արել են իրենց գործը, եւ Հայաստանում վաղուց արդեն հասել է հերթը, որ օլիգարխիայի եւ թաղային հեղինակությունների հանդեպ իրենց գործը կատարեն պրոֆեսիոնալ իրավապահները, պրոֆեսիոնալ դատավորները եւ այդ բոլորի բնականոն գործունեությունը երաշխավորող նախագահը: Այդպես են կառուցում «պրոֆեսիոնալ» պետություն: