Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում զարգացման նոր թափ է հավաքում ձիարշավային տուրիզմը, որը նախորդ տարիների ընթացքում նախաձեռնել եւ արմատավորել է լրագրող, դպրոցի զինղեկ Տիգրան Բաղիշջանյանը: 
Ինչպես  տեղեկացրեց Տիգրան Բաղիշջանյանը, Մարտունի քաղաքում ձիաբուծության եւ ձիարշավային տուրիզմի արմատավորման նախաձեռնության իրականացմանն ինքը ձեռնամուխ է եղել դեռեւս 2013 թվականից՝ դրամաշնորհային ծրագրով: Կարճ ժամանակում նա արդեն հասցրել է ունենալ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:
 «Տարածքն անվճար եւ օժանդակության կարգով տրամադրել է Մարտունի քաղաքի բնակիչ Հրաչ Կարապետյանը: Սկզբից ձեռք եմ բերել  երկու ղարաբաղյան ձի, իսկ այսօր արդեն ունեմ 10-ը: Անցած տարիների ընթացքում զբոսաշրջիկ հաճախորդներ եմ ունեցել Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, այլ երկրներից: Նախորդ տարի ունեցել եմ 45 հաճախորդներ, որոնց թիվն այս տարի կարող է լինել մի քանի անգամ ավելին, քանի որ այս պահի դրությամբ արդեն նախորդ տարվա համեմատ կրկնակի պատվերներ ունեմ: Ի դեպ, այս տարի արդեն հասցրել եմ ընդունել 2 զբոսաշրջիկների՝ Ճապոնիայից ու Ռուսաստանից: Եթե նախորդ տարիներին ինձ մոտ զբոսաշրջային սեզոնն ընթանում էր ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ապա այժմ այն սկսվում է փետրվարից: Ձիարշավային կամ հեծյալ տուրիզմը բավականին հեռանկարային ճյուղ է մեր քաղաքում, որը գտնվում է գեղատեսիլ լեռնային վայրեր տանող ճանապարհների խաչմերուկում՝ կապվելով Ագրիջայի սարահարթի, Վայոց Ձորի, Գառնի-Գեղարդի, Վարդենիսի լեռնաշղթայում գտնվող Մեծ եւ Փոքր Ալ լճերի հետ: Մեր հաճախորդները ձիերով հասնում են մինչեւ Սելիմի քարավանատուն, Մարտունուց դեպի հարավ-արեւելք ընկած Մթնաձորի ու Կոփոյ վարի յայլաղատեղեր, Ջերմուկ, արեւմուտքում՝ մինչեւ Աժդահակ լեռան փեշեր, Գեղարդ: Արդյունքը շոշափելի է եւ հուսադրող, ուստի նպատակադրվել եմ զարգացնել եւ առաջ տանել զբոսաշրջային բիզնեսի այս բավականաչափ հետաքրքիր ճյուղը»,-նշեց Տիգրան Բաղիշջանյանը: 
Զբոսաշրջային բիզնեսը Տիգրան Բաղիշջանյանը վարում է ընտանիքի անդամների հետ: «Իմ անփոխարինելի գործընկերներն առայժմ ընտանիքիս անդամներն են՝ կինս, տղաս եւ աղջիկս. վերջինս տիրապետում է 4 լեզվի ու անթերի է կատարում թարգմանչի պարտականությունները: Ի դեպ, ձիարշավային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկները միայն մեր ընտանեկան բիզնեսը չէ, որ առաջ են տանում: Նրանք իրենց այցերի ընթացքում օգտվում են հյուրատներից կամ հյուրանոցներից, սննդի կետերից, խանութներից: Անչափ մեծ է նրանց հետաքրքրությունը տեղական հուշանվերների նկատմամբ, ուստի որոշել ենք զարկ տալ տեղական հուշանվերների արտադրությանը: Սա նաեւ բազմաֆունկցիոնալ ծրագիր է, որը կարող է զարկ տալ տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը: Մենք հավակնում ենք դառնալ միջազգային ճանաչում ունեցող մեծ ձեռնարկություն»,-ներկայացրեց ձեռնարկատերը: 
Ձիարշավային զբոսաշրջությունը Տիգրանը նպատակադրվում է զուգակցել ձիաբուծության հետ՝ ձգտելով վերականգնել հայկական ձիերի ազնվացեղ տեսակը: «Նաեւ արժեքավոր քայլ եմ կատարել հայկական ազնվացեղ ձիեր ստանալու ճանապարհին, քանի որ դրա համար արդեն ձեռք եմ բերել արաբական 1 մաքրացեղ մտրուկ: Դրա համար ինձ  համապատասխան տարածք է հարկավոր, ու որոշակի դրամական միջոցներ, որի համար էլ բիզնես ծրագիր եմ ներկայացրել՝ պետական կամ դրամաշնորհային աջակցություն ստանալու նպատակով: Նպատակ ունեմ բուծել մինչեւ 30 ազնվացեղ հայկական ձի: Այդ դեպքում արդեն խոսք գնալու է ոչ միայն հեծյալ տուրիզմի զարգացման ծավալների, այլ նաեւ՝ բուծվող ազնվացեղ ձիերը վաճառքի հանելու մասին: Կստեղծվի մոտ 10 աշխատատեղ: Ես հավատով եմ նայում մեր ձեռնարկության վաղվա օրվան» ,-ամփոփեց Տիգրան Բաղիշջանյանը: