Վերջին շրջանում միջազգային տարբեր կառույցների կողմից շարունակվում են բարձրաձայնվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերի, մամուլի ազատության նկատմամբ ոտնահարումների մասին։  Ամենաթարմ օրինակը, թերևս, մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի արտահայտած մտահոգությունն է Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի ազատազրկման վերաբերյալ:

 Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման բնագավառում տիրող վատթար իրավիճակի մասին են փաստում առկա բազմաթիվ զեկույցներն ու հրապարակումները։ Վերջերս՝ փետրվարի 20-ին, Բաքվում գործող «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամները հայտարարեցին, որ ադրբեջանական բանտերում այս պահին կա 127 քաղբանտարկյալ։ Ընդ որում, աշխատանքային խմբի անդամները նշում են, որ իրականում քաղբանտարկյալների թիվը Ադրբեջանում ավելի մեծ է, սակայն, վախենալով երկրում ստեղծված բռնության մթնոլորտից, նրանց մի մասը խուսափում են հանրայնացնել իրենց դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը: Իսկ «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի» զեկույցի համաձայն` 2018թ.-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 161-ի։ Ըստ էության, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ավելանում է քաղաքական դրդապատճառներով բանտերում հայտնված մարդկանց թիվը։

Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում նաև լրատվամիջոցների պլյուրալիզմի և խոսքի ազատության վրա, ինչպես նաև խոչընդոտում է հասարակությանը տեղեկատվության տրամադրմանը։ Դրա վառ օրինակներից է նախորդ տարի Ադրբեջանի Տրանսպորտի, կապի և նորագույն տեխնոլոգիաների նախարարության խնդրանքով Բաքվի շրջանային դատարանների կողմից 4 լրատվական կայքերի արգելափակումը։  Այս իրադարձությունը, ինչպես նաև մամուլի ազատությանն առնչվող այլ ոտնահարումները հանգեցրել են տարբեր կառույցների կողմից ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների։ Մի շարք վեբ-կայքերի արգելափակման վերաբերյալ ևս ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը արձագանքել էր՝ կոչ անելով  Ադրբեջանի իշխանություններին սեղմ ժամկետներում բարեփոխել լրատվամիջոցների մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը։  Բաքվի կողմից նման քայլերը միտված են երկրում քննադատության ցանկացած քայլ «լռեցնելուն»։

Եվ պատահական չէ, որ համաձայն Freedom House-ի վերջին զեկույցի՝ Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսով դասվում է «ոչ ազատ» երկրների շարքին։  

Միջազգային տարբեր կառույցների կողմից հրապարակված զեկույցներն արտացոլում են Ադրբեջանում տիրող մեղմ ասած «անմխիթար» իրավիճակը՝ մի շարք իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ձերբակալումների տեսանկյունից։ Մասնավորապես, Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հրապարակած զեկույցում նշված է, որ միայն 2018թ. Ադրբեջանում ձերբակալվել է  10 լրագրող։ 

Այսպիսով, չնայած հնչող տարբեր քննադատություններին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը շարունակվում են, խստորեն ոտնահարվում է  խոսքի ազատությունը, և ցանկացած   կարծիք ու գործողություն, որը հակասում է իշխող վերնախավի որդեգրած դիրքորոշմանը, արժանանում է «համապատասխան» պատասխանի։