ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում հայաստանյան պատվիրակությանանդամ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում անդրադարձել է մեդիայում ապատեղեկատվության խնդրին: ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ պայմանավորվել են փորձել միասին լուծումներ գտնել:

Սամսոնյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:

«Վեհաժողովի շրջանակում պատրաստակամություն եմ հայտնել ներգրավվել խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեում: Եվ այնտեղ ես մեդիայի ազատությանը նվիրված իմ առաջին ելույթն ունեցա ՝ մատնանշելով, որ Հայաստանում մեդիան ազատ է: Միևնույն ժամանակ, ելույթը նվիրված էր այն մարտահրավերին, որը մենք այսօր անվանում ենք ապատեղեկատվություն: Եվ մատնանշել եմ, որ այդ ապատեղեկատվության դեմ յուրաքանչյուր պայքար և վտանգավոր միջվմտություն կարող է վնաս հասցնել ազատ մեդիայի աշխատանքին՝ որպես 4-րդ իշխանություն»,-ներկայացրեց Սամսոնյանը:

Մեդիայի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ դա գլոբալ խնդիր է: «Եվ մենք հույս հայտնեցինք, որ կփորձենք այս հարցը լուծել միասին, միասին գտնել լուծումներ, որպեսզի զերծ մնանք վնասակար նախադեպերից»,-ասաց պատգամավորը:

Սամսոնյանը նշեց՝ վեհաժողովի աշխատանքներն ավելի շատ ճանաչողական բնույթ են կրել՝ այս հարթակում հասկանալու հայաստանյան պատվիրակության հնարավորությունները:

Փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Դրան նաև մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել Հայկ Կոնջորյանը, Անի Սամսոնյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը: