Հայաստանն ու Եգիպտոսն ամրապնդում են տնտեսական կապերը: Հայ-եգիպտական բիզնես-ասոցիացիան ու գործարար կապերի աջակցման խորհուրդը կնքեցին համաձայնագիր, որով կողմերն այսուհետև պետք է իրականացնեն համատեղ ծրագրեր:

Փետրվարի 28-ին համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին:

«Այս համաձայնագիրը պիտի ծառայի հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները բարելավելուն: Ուրախ ենք նաև դեսպանի ներկայությամբ»,-ասաց Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանուկյանը:

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ համաձայնագրի արդյունքում այս տարի կստեղծվեն մեծ հնարավորություններ: «Ես կարծում եմ, որ տարվա վերջին, երբ ամփոփենք մեր համատեղ աշխատանքները, մենք շատ ասելիք կունենաք։ Եվ հաշվետվությունը հպարտանալու մեծ հնարավորություն կլինի մեր աշխատանքների արդյունքում»,-նշեց նա:

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին ուրախությամբ արձանագրեց, որ նման համաձայնագիր է կնքվում: «Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ քաղաքականության, մշակութային և այլ ոլորտներում: Սակայն, ցավոք, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության այդպիսի բարձր մակարդակ չկա դեռ: Ահա թե ինչու ենք մենք փորձում աշխատել այս ուղղությամբ՝ նպաստելու և՛ առևտրային, և՛ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց, որ այդ համաձայնագիրը լայն համագործակցության սկիզբն է: Երկու երկրները մեծ հնարավորություններ ունեն առևտրի, նույնիսկ ներդրումների համար: Դեսպանը նաև նշեց՝ երբեմն Եգիպտոսում որոշ մարդիկ, ովքեր ուզում Հայաստանում ներդրում կատարել կամ բիզնես սկսել, կարծում են, թե հայկական շուկան փոքր է: Դեսպանը դա թյուրըմբռնում  համարեց՝ նշելով, որ շատ շուկաներ են բաց Հայաստանի համար:

Համաձայնագիրը կնքող կողմերը պետք է համատեղ ծրագրեր իրականացնեն՝ ի շահ Հայաստանի գործարար ոլորտի զարգացման, ինչպես նաև իրականացնեն գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, որոնց շրջանակում կիրականացվեն լուրջ և կարևոր հանդիպումներ: Կկատարվեն նաև արտահանման և ներմուծման ծրագրերին միտված աշխատանքներ, երկկողմանի համագործակցություն՝ Հայաստանի և Եգիպտոսի ներդրումային տեղեկատվական ծրագրերի վերաբերյալ և ինֆորմացիայի փոխանակում: