Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքը «հարված դարձավ» Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար: Այս տեսակետն Է հայտնում Financial Times բրիտանական թերթը:

Ընդ որում թերթը վկայակոչում Է փորձագետների կարծիքը, որոնք կարծում են, որ հանդիպման նման ելքի պատճառը դարձել Է ինչպես Վաշինգտոնի կողմից դրան վատ նախապատրաստվելը, այնպես Էլ անձամբ Թրամփի դերը: Financial Times-ը ներկայացնում Է Դենիս Ուայլդերի՝ անցյալում Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան աշխատակիցներից մեկի կարծիքը, որը նախագահ Ջորջ Բուշի գլխավոր խորհրդականի պաշտոնն զբաղեցրել Է Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ վեցակողմ բանակցությունների ժամանակ:

«Իմ հիշողության մեջ դա աննախադեպ Է, երբ նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը նման ձեւով Է ավարտվում»,-նշել Է Ուայլդերը: «Ասիացիները շատ ճշտակատար են արձանագրությանը հետեւելու հարցում, եւ աշխատանքային ճաշկերույթի չեղարկումը գրեթե հաստատ եղել Է ԱՄՆ-ի նախաձեռնությունը»,-հավելել Է նա՝ նշելով բանակցությունների գործընթացը կառավարելու Թրամփի փորձերը:

Հրատարակությունը նաեւ բերում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջո Յունի կարծիքը, որը մինչեւ անցյալ տարի իր պաշտոնաթողությունը մասնակցել Է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններին: Յունի խոսքով՝ գագաթնաժողովի այսչափ կտրուկ ավարտն արտացոլում Է ԱՄՆ-ի կողմից նախապատրաստության բացակայությունը:

Միեւնույն ժամանակ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեւիդ Քիմը կարծում Է, որ չարժե այս հանդիպման արդյունքները դիտարկել որպես ձախողում: «Քանի դեռ երկու ղեկավարները պահպանում են քաղաքական կամքը եւ շարունակում են բանակցությունները. մենք կարող ենք առաջընթաց ակնկալել ապագայում, նրանք երկուսն Էլ դա ցանկանում են»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել Է Քիմը։