Ներկայիս իշխանություններն արձանագրել են, որ 2008 թ. Մարտի 1-ին ակնհայտ դարձավ, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը եւ այն վերածել է հայոց պետականության եւ ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ներկայիս իշխանություններն արդեն իսկ արձանագրել են, որ Մարտի 1-ին տապալվել է սահմանադրական կարգը եւ, ըստ էության, տեղի է ունեցել պետական ահաբեկչություն:

Մարտի 1-ը մեզ ընկղմեց բռնապետության խավարի մեջ: Քաղաքական առումով այդ խավարը ճեղքելը եւ Մարտի 2-ի լուսաբացին հասնելը դարձավ յուրաքանչյուր արժանապատիվ ու ազատասեր քաղաքացու պատվի գործը:

Տասը տարի շարունակ քաղաքացին պայքարեց, ծեծվեց, բանտարկվեց, հալածվեց, արտաքսվեց ու տառապեց հանուն այդ լուսաբացի:

2016 թ. Ապրիլյան քառօրյայից հետո պարզ դարձավ, որ դանակն արդեն ոսկորին է հասել, այն է՝ պետական ահաբեկչությանը գումարվել է նաեւ պետական դավաճանությունը, քանի որ ռեժիմը փորձում է պայմանավորված պատերազմի միջոցով կամ որեւէ այլ ձեւով ազատագրված տարածքները հանձնել հակառակորդին:

2016 թ. հուլիսի 17-31-ի Սասնա Ծռերի ապստամբությունը, չնայած մասնակի արդյունքին, վիժեցրեց այդ աղետալի ընթացքը, ինչպես նաեւ յուրօրինակ պատասխան եղավ Մարտի 1-ին: Դա հանգեցրեց կառավարման համակարգի խորը ճգնաժամի եւ, զուգահեռաբար՝ հիմնականում հաղթահարեց Մարտի 1-ից մնացած հոգեբանական պատնեշը: Բռնության մեքենան կաթվածահար եղավ:

Եվ, արդեն նոր իրավիճակում՝ 2018 թ. ապրիլի 23-ին, երբ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին եւ մեզանից յուրաքանչյուրին փորձեց սպառնալ Մարտի 1-ի կրկնությամբ, հանդիպեց ժողովրդի դիմադրության անհաղթահարելի ալիքի եւ ստիպված եղավ հեռանալ:

Արժանապատիվ, ազատասեր ու անվեհեր քաղաքացու տասնամյա պայքարի շնորհիվ Մարտի 2-ի լուսաբացն արդեն իրողություն է դառնում:

Սակայն լուսաբացն օր կդառնա եւ քաղաքական ձմռանը վերջապես քաղաքական գարուն կհաջորդի միայն այն դեպքում, երբ հայոց պետականության հակառակորդի վերածված պետական կառավարման համակարգը՝ առավելապես իր ուժային, իրավապահ եւ դատական բաղադրիչներով, կանցնի պատասխանատվության եւ զղջման քավարանով:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որպես ինստիտուտներ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ ուղղությամբ կատարվող այսօրվա աշխատանքը ողջունելի է որպես սկիզբ, սակայն խիստ անբավարար է վերը նշված բնական եւ բանական պահանջի համեմատությամբ:

Ընդամենը Ռոբերտ Քոչարյանին եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն էլ իրենց կատարածի ոչ ամբողջ ծավալով պատասխանատվության կանչելը չի կարող հագեցնել արդարության ծարավի այն ծովը, որ գոյացել է հատկապես Մարտի 1-ից հետո: Մասնավորապես՝ առնվազն անհասկանալի եւ անընդունելի է այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հիմնական շահառու եւ մեզ դրա կրկնությամբ սպառնացող Սերժ Սարգսյանը դեռեւս ազատության մեջ է:

Այս կիսատության ֆոնին լուսաբացը ստվերելու եւ արդարության նոր ճգնաժամ առաջացնելու վտանգ է ստեղծում Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցների նկատմամբ Մարտի 1-ի ռեժիմի սարքած գործով քրեական հետապնդումը շարունակելը:

Փաստորեն՝ սահմանադրական կարգը տապալած Մարտի 1-ի ահաբեկչական ռեժիմի գործիքի վերածված անձինք մեղադրում եւ դատում են նրանց, ովքեր սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով միանգամայն իրավաչափ կերպով ապստամբել են իրենց դեմ:

Ժողովրդի վստահությունը վայելող օրվա իշխանությունները կարող են եւ պարտավոր են լուծել արդարություն հաստատելու խնդիրը, եթե չխուսափեն Մարտի 1-ը ծնած պատճառներին, ընթացքին եւ հետագա տասը տարիներին համակարգային իրավաքաղաքական գնահատական տալու եւ դրա հիման վրա անցումային արդարադատության միջոցով արդարություն հաստատելու ծանր, սակայն պատվաբեր ու առողջացնող պատասխանատվությունից:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին եւ մաղթում Մարտի 2-ի բարի լուսաբաց»: