Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը:
 
Հայտարարությունը՝ ստորև.
 
««Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը ողջունում է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը, դրանում արված շեշտադրումներն ու հավասարակշիռ դիտարկումները։
 
Խիստ կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ և ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հաստատված ձևաչափով կարգավորման վերաբերյալ Հայաստանի հավատարմության վերափաստման հանգամանքը։ Ելույթի առավել սուր՝ ՌԴ որոշ խորհրդանականների՝ ակնհայտորեն հակահայկական միջոցառմանը մասնակցելու քննադատության հատվածը նույնպես դիտարկում ենք որպես ռազմավարական դաշնակցի հետ արժանապատիվ երկխոսության և այդ հարաբերություններում սեփական օրինական հետաքրքրությունների առաջմղման երևույթ։
 
Մեր համոզմունքն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման հարցում խիստ կարևոր է ինչպես առհասարակ հավասարակշռության, այնպես էլ կոնկրետ դիվանագիտական բալանսի պահպանումը։ Դա կարևոր է նաև թշնամու հնարավոր արկածախնդրությունների կանխարգելման առումով։ Այս առնչությամբ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի ելույթը տեղին է ու նպատակային»։
 
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը Արայիկ Հարությունյանն է:
 
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն