Մարտի 4-ին մեկնարկում է Մեծ Պահքը։ Այն կտևի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարեւոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: