Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է, ասված է «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ։ 

«Ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից,  համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպով աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք և այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ՝ անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով:

Միևնուն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ և կարևոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը և հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաև նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից:

Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև Անցումային արդարադատության և լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով»։