Ընդամենն օրեր անց հայտնի կդառնա, թե ով է Հայաստանի Հանրային ռադիոյի նոր տնօրենը: Այսօր  գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջին օրն է և հեռուստատեսության և ռադիոյի մրցութային նոր հանձնաժողովն արդեն վաղը կքննարկի թեկնածուների ընտրության հարցը։ Նշենք, որ արդեն 20-ից ավել թեկնածու կա, այդ թվում՝ Տիգրան Հարությունյանը, Լավրենտի ՄիրզոյանըԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է վերջիններիս հետ՝ մրցույթում հաղթելու իրենց շանսերի, թեկնածուների միջև մրցակցության, ոլորտում առկա խնդիրների մասին:

«Մրցույթին դիմելու շարժառիթը բազմաթիվ գործընկերներիս հորդորներն էին: Ծանրութեթև արեցի, հասկացա, որ պահ է հասունացել և կարող եմ դիմել: Հանրային ռադիոն ռազմավարական կարևոր կառույց է մեր երկրի համար և ես քաջ գիտակցում եմ իմ քայլի կարևորությունը:  30 տարի աշխատել եմ այնտեղ և քաջատեղյակ եմ Հանրային ռադիոյի բոլոր ստորաբաժանումների աշխատանքի նրբություններին: Իմ պլաններում կա նշաձող՝ Հանրային ռադիոն դարձնել 21-րդ դարի միջազգային պայմաններին համապատասխան: Ես արդեն իսկ ունեմ ռազմավարական ծրագիր, որը կհրապարակեմ, եթե ընտրվեմ: Եթե ամեն բան լինի արդար, անկողմնակալ, ապա հաղթելու շանսերս գնահատում եմ բարձր, որովհետև ունեմ փորձ, մեծ ճանապարհ, գործընկերներիս և ունկնդիրներիս սատարումը: Այս ընթացքում չեմ հանդիպել թեկնածուներին և շփում էլ չունեմ: Նրանից մի մասի հետ աշխատել եմ, գործընկերներ ենք, սակայն ոմանց ընդհանրապես չեմ ճանաչում»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Տիգրան Հարությունյանը:

Հարցին՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ ժամանակն է երիտասարդներին հնարավորություն տալու, Հարությունյանը պատասխանեց. «Ռադիոն, որը կրում է Հանրային անվանումը, պետք է լինի հնի և նորի համադրությամբ: Այսինքն՝ պետք է օգտագործել պրոֆեսիոնալների փորձը, ներուժը՝ գումարելով երիտասարդական ավյունը. ի վերջո, Հանրային ռադիոն՝ 93-ամյա ծերունին, միշտ երիտասարդ է»,- նշեց նա: 

Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն էլ նկատեց՝ վատ է զգում, երբ այդ կարևոր պաշտոնի համար դիմում են ձևի համար։ Հանրային ռադիոյի տնօրենը ազգային անվտանգության խնդիր իրականացնող մարդ է: Պետք է լինեն չափորոշիչներ, որպեսզի մարդիկ դիմեն․ «Գրված է, որ ճանաչված, մտավորական, գիտական կոչում ունեցող, հանրությանը ծանոթ մարդիկ կարող են դիմել: Դա հաղորդավարների՞, հանդիսավարների՞ մրցույթ է, դա լուրջ պաշտոն է, որը պետք է զբաղեցնի մարդ, որ հանրությունն ասի՝ ճիշտ նշանակում են արել: Տիգրան Հարությունյանը, Մարինա Թագակչյանը, Ալեքսանդր Սայադյանը դիմել են, մտածել են՝ Արմեն Ամիրյանն էլ էր հաղորդավար նա կարող էր ղեկավարել, իրենք չե՞ն կարող: Արմեն Ամիրյանը, մյուսները տնօրեն են եղել՝ ի՞նչ են արել: Հանդիսավարներից ու հաղորդավարներից պետք է հեռու մնալ: Մարկը Գրիգորյանն իմ ընկերն է, բայց ռուսական կրթությամբ մարդը չպետք է ղեկավարի, այլ՝ հայեցի մտածողությամբ, հայոց լեզվին խորապես տիրապետող մարդը: 25, 30, 35 տարեկան մարդիկ մտածել են տեղը ազատ է՝ դիմենք, կանցնենք՝ կանցնենք, չէ՝ չէ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ կուսակցական խաղեր չպետք է լինեն, քանի որ իշխանափոխություն է եղել․ «Մտածեցի նախկինի նման դաբրոյի խնդիր չկա՝ դիմեմ: Բայց ինձ զանգում են, թե ինչո՞ւ ես դիմել՝ «Իմ Քայլի» ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը նշանակված է, Վրույր Թադևոսյանը նշանակվելու է: Եթե ձևական պետք է մրցույթ հայտարարեն էլ ո՞ւմ է պետք մարդկանց չարչարելը: Եթե թեկնածու ունեն, թող նշանակեն, ձե՞ռք են առնում: Ես առաջարկում եմ քննարկում անել, տեսնենք՝ թեկնածուները կարողանո՞ւմ են դիմում, կենսագրական գրել: Բա բողոքում ենք՝ եթերի լեզուն լավը չէ, եթե այդ մարդիկ հայերենին չեն տիրապետում, ինչպե՞ս պետք է լեզվի անաղարտության համար պայքարեն։ Տեսնենք՝ հանձնաժողովի անդամները կամակատարնե՞ր են, վերևից ասված թեկնածո՞ւի են պաշտպանում, թե՞ ազնիվ ձևով արժանի թեկնածու են ընտրում»,- ասաց Միրզոյանը՝ սրտնեղելով, որ, ըստ երևույթին, գրագետ մարդ պետք չէ, ով «դաբրո» ունի նրան էլ կնշանակեն։

Սոնա Հարությունյան