Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին  մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են  Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սբ. պատարագին հաջորդել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրել է համայնքի վիճակը և առկա խնդիրները։

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։