ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հանգամանալից քննարկում է ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը: Ճանապարհային քարտեզը գրեթե ավարտված է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Որպես միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ՝ կարող եմ ասել, որ մենք բավականին հանգամանալից քննարկում ենք ճանապարհային քարտեզը: Այն պետք է հաստատվի առաջիկայում։ Ըստ էության, աշխատանքները ճանապարհային քարտեզը կարելի է համարել ավարտված», - ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով դիտարկումներին, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար քայլերը բավարար չեն, Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին ավելի ակտիվ։ Նա նկատեց` մայիսին  նախատեսված են եվրախորհրդարանի ընտրությունները: Եվ Զոհրաբյանը չի կարծում, որ պայմանագիրը չվավերացրած երկրները իրենց խորհրդարանական ընտրությունները թողած, մտածեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է այն: