Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ՝ տեղում քննարկելով անտառպահպանության ու բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի հետ կապված որոշակի խնդիրներ:
Ինչպես ներկայացրին ճամբարակ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչները, վարչական ղեկավարները եւ Ճամբարակի անտառտնտեսության աշխատակիցները, վերջերս ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի հիման վրա իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել Ճամբարակի անտառտնտեսության անտառապահների նկատմամբ: Որպես բնությանը պատճառված վնասի վերականգնման չափ է սահմանվել 85 միլիոն դրամը: «Մեզ, որպես անտառին մոտիկ գտնվող ու ձմռանը վառելիքի այլ աղբյուրներ չունեցող համայնքների, կառավարության կողմից թույլատրվում է յուրաքանչյուր ընտանիքին տարեկան անվճար հատկացնել 8 խորանարդ մետր ջախ կամ թափոն: Մեր անտառտնտեսությունից օգտվող ընտանիքների թիվը հասնում է մինչեւ 700-ի,որոնց կարիքները բավարարելու համար տարեկան անհրաժեշտ է հատկացնել մինչեւ 5 հազար խորանարդ մետր թափոն: Ջախի կամ թափոնների նման քանակություն հիմա դժվար է գտնել մեր անտառներում, քանի որ հատումների ծավալները վերջին տարիներին հասցվել են նվազագույնի, ուստի բնակիչները ստիպված են եղել գնալ առանց թույլտվության հատումների, ինչի պատճառով տուժել են անտառապահները: Բացի այդ, բնապահպաններն ակտավորել են մի քանի տարվա վաղեմությամբ հատված ծառերը: Մենք բողոքում ենք այդ անարդարության դեմ ու կառավարությունից ակնկալում արդար մոտեցում»,-իրենց խնդրանքը ներկայացրին ճամբարակցիները:
«Անտառը ոչ միայն պետական ռեսուրս է, այլ նաեւ մարդու կենսական պահանջների համար չափազանց կարեւոր ռեսուրս: Նրա պահպանման ու վերարտադրության համար մենք պետք է անենք ամեն հնարավորն ու առավելագույնը, որպեսզի գալիք սերունդները եւս կարողանան օգտվել բնության այդ բարիքից: Եթե Ճամբարակի անտառները հատվեն նման տեմպերով, ապա մի քանի տարի անց բոլորս ծանր փաստի առաջ կկանգնենք: Դուք պետք է կտրուկ փոխեք ձեր վերաբերմունքը անտառի հանդեպ՝ պայքարելով անտառպահպանության ու անտառվերականգնման համար: Փորձեք ապրուստ ստեղծելու համար այլ միջոցներ գտնել, իսկ անտառը դարձնել զբոսաշրջային ու բնապահպանական գրավչությունների, այլ հետաքրքրությունների, այլ ոչ թե անխնա սպառման կամ անօրինական ճանապարհով եկամուտ ստանալու աղբյուր: Մենք համարժեք քայլեր կձեռնարկենք, որպեսզի տարածքի բնակչության համար գտնենք ջեռուցման ապահովման աղբյուրներ բնապահպանական ծրագրերի ներդրման միջոցով: Ինչ վերաբերում է անտառապահների նկատմամբ հարուցված քրեական գործերին, ապա մենք չենք կարող միջամտել նախաքննության ընթացքին, սակայն պատկան մարմինների հետ կարող ենք ունենալ անհրաժեշտ ու շահագրգիռ քննարկումներ,որպեսզի մոտեցումները լինեն արդարացված, արդարացի ու միայն օրենքի շրջանակում»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Ճամբարակի համայնքապետի ու բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկեց աշխատանքային կամ հրատապ նշանակության այլ հարցեր: