«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեռ չի ուղարկվել Ազգային ժողով, սակայն նախագծում նոր փոփոխություններ են արվել։ Այսպես, գյուղատնտեսությունը, փաստացի, նախագծի հաստատման դեպքում այլևս նախարարություն չի ունենալու եւ այլ նախարարության կազմում նույնպես ընդգրկված չի լինելու։ Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի այս փոփոխությունների հիմնավորումն, ըստ էության, այն էր, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է եւ պետապարատի արդյունավետությունը բարձրացնելու համար դրա աշխատակիցների մի մասը պետք է տեղավորվի մասնավոր հատվածում, իսկ համակարգը որոշակի առումով օպտիմալացվի։
 
Մի քանի շաբաթ առաջ հանրությանը փորձում էին համոզել, որ մեզ Սփյուռքի նախարարություն պետք չէ, մեզ մշակույթի նախարարություն պետք չէ: Իհարկե, հասարակությունը իր վերաբերմունքը ցույց տվեց և ոչ միայն խոսքով, սակայն կառավարությունը ոչ միայն հետ կանգնեց իր որոշումից, այլև գցեց-բռնեց, որ մեզ գյուղատնտեսություն էլ պետք չէ: Մինչդեռ ամիսներ առաջ հայտարարվում էր, որ երկրում գյուղատնտեսական հեղափոխություն է սպասվում, ավելին՝ ջրային, ջերմոցային մաֆիայի պոչին էին նստել, և բոլորս շունչներս պահած սպասում էինք սենսացիոն բացահայտումների: Այժմ, հետաքրքիր է, ի՞նչն են բացահայտելու: Գյուղատնտեսության անկումը վերջին ամիսներին այնքան ակնառու էր, որ անգամ վիճակագրական տվյալների մեջ չեն ներառել ոլորտի թվերը՝ տնտեսության ընդհանուր պատկերը չապականելու համար:
 
Չնայած մտահոգիչ գահավիժմանը, քայլեր, այնուամենայնիվ, արվում էին ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար, օրինակ՝ գյուղատնտեսական վարկերը մեր երկրում կարճ ժամանակում դարձան ամենաշահավետ և ցածր տոկոսայնությամբ վարկերը, սակայն կառավարությունը միայն իրեն հասկանալի պատճառներով կանգ առավ և որոշեց ընդհանրապես խաչ քաշել ոլորտի վրա: Հայաստանը գյուղատնտեսական հսկայական պոտենցիալ ունեցող երկիր է, բնակչության սոցիալապես անապահով խավն էլ մեծամասամբ բնակվում է հենց գյուղերում, և հենց այդ խավն է կրկին հանձնվում բախտի քմահաճույքին: Իսկ հողի մշակին այդ դեպքում մնում է մեկ բան՝ անել իր քայլը և հեռանալ երկրից: Ստացվում է, նախարարության փակումը այնքան էլ անցավ որոշում չէ, ինչպես փորձում են ներկայացնել և խնդիրը այստեղ նույնիսկ կադրային ջարդը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է և առընչվում է մեր երկրի պարենային անվտանգությանը…