Հանոյի Մելիա հյուրանոցում մարտի 4-ին տեղի է ունեցել «Meeting with partners From Europe 2019» հանդիպումը, որը կազմակերպվել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում է ունեցել ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հոանգ Քուոկ Վուոնգի (Hoang Quoq Vuong) հետ։

Քննարկվել են հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները և 2019-ի ընթացքում Երևանում կայանալիք Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի հետ կապված հարցեր։

Դեսպանը ներկայացրել է տեքստիլի արտադրության ոլորտում հայ-վիետնամական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները։ Քննարկվել են նաև ներդրումների, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-վիետնամական համագործակցության հեռանկարները։