Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուխարեստում մարտի 4-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, առավոտյան Բուխարեստի հայկական գերեզմանատանը ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվել է ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.) Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի է ունեցել հուշապսակների զետեղման արարողություն, որին ներկա են գտնվել  Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի ԱԳՆ ներկայացուցիչ Դոռու Լիչիուն, Ռումինահայոց թեմի հոգևոր դասի և համայնքի ներկայացուցիչներ:

Երեկոյան ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին` դեսպան Մինասյանը խոսել է ՀՀ Դիվանագետի օրվա խորհրդի, տեղի ունեցած հիշատակի արարողության, ինչպես նաև հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների գրանցած առաջընթացի և ապագա հեռանկարների մասին: Օգտվելով առիթից` դեսպանը շնորհավորել է նաև Ռումինահայոց միության անդամներին 100-ամյա հոբելյանի առթիվ և մաղթել երկարատև արգասաբեր գործունեություն իրենց ազգանվեր հայապահպան առաքելության ընթացքում:

Շնորհավորելով Հայաստանի Դիվանագետի օրվա կապակցությամբ, պետքարտուղար Նեկուլաեսկուն մասնավորապես նշել է. «Օրն այս տարի խորհրդանշական է, քանի որ փոխկապակցված է նաև Ռումինիայի հայերի միության 100-ամյակի միջոցառումների հետ: 100 տարի առաջ Հարություն Խնդիրյանը, հիմնադրելով Ռումինիայի հայերի միությունը նպատակ էր ունեցել օգնություն տրամադրել 1914-1918թթ. ողբերգական իրադարձությունների պատճառով Ռումինիայում ապաստան գտած հայերին»:

Շարունակելով խոսքը, պետքարտուղար Նեկուլաեսկուն նշել է, որ որպես ԵՄ անդամ պետություն Ռումինիան սատարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Դ. Նեկուլաեսկուն անդրադարձել է նաև Երևանում վերջերս տեղի ունեցած դրական փոփոխություններին` հայտնելով իր համոզմունքն առ այն, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով բացված նոր հնարավորությունների հետ միասին վերելք է ապրելու նաև Ռումինիա-Հայաստան երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում նա նաև կարևորել է ս.թ. ապրիլի 3-ին մեկնարկող Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը՝ ռումինական TAROM ազգային ավիափոխադրողի կողմից:

Ընդունելությանը մասնակցել են Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջացառումը լուսաբանվել է ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից: