Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:

Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:

Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ: