«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի դիրքորոշումը այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք եւ շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցում Երեւանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանն աշխատում է բանակցային՝ 1994 թվականի ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ, եւ միայն այդ դեպքում է հնարավոր խոսել կարգավորման արդյունավետ գործընթացի հնարավորության մասին: Խոսքը եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան բանակցային ձեւաչափի մասին է, որն ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովից: Նոր ձեւաչափի մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ Բրյուսելում, ինչը տվել էր որոշակի տարակույսների, կամ պարզապես նենգափոխումների առիթ, քանի որ ներկայացվել էր, թե խոսքը միջնորդական ձեւաչափի մասին է:

Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձեւաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձեւաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաեւ այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որեւէ այլ ձեւաչափ: Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձեւաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է եւ չլինել, կամ համանախագահները ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն: Մյուս կողմից, Փաշինյանը ասել էր, որ «նաեւ» դա է լինելու քննարկման հարց: Իսկ ուրիշ է՞լ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ:

Իրանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսել հնարավոր կլինի միայն Արցախի լիարժեք կողմ դառնալու պարագայում: Ահա, այս իրավիճակում առավել եւս հարց է դառնում, թե ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձեւաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ, իսկ բանակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա Արցախը՝ որպես ձեւաչափի մասնակից:

Մյուս կողմից, հարցադրումների առկայությամբ հանդերձ, բավականին նկատելի է, եւ շոշափելի ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ: Մեկն այն է, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաեւ միջնորդների մակարդակով, Ալիեւի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, եւ մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, եւ իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը: Իսկ այստեղ արդեն չափման միավորներն ու գործոնները իսկապես բազմազան են՝ տնտեսությունից մինչեւ ներքին ու արտաքին քաղաքականություն: Այս տեսանկյունից, Հայաստանի անցնող ամիսների քաղաքական օրակարգը, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչով, նկատելիորեն հարուստ է: Ընդ որում, այստեղ նկատելի է նաեւ այն, որ այդ օրակարգն առաջ է տարվում ոչ միայն վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակում, այլ նաեւ հանրապետության նախագահի: Տվյալ պարագայում արդեն առանցքային հարցը դառնում է ոչ թե այն, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիեւը, այլ այն, թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջին երկու ամիսների առերեւույթ բավականին տպավորիչ օրակարգը ինչպիսի ժամանակացույցով եւ արդյունքներով է դրսեւորվելու, շոշափելի դառնալու Հայաստանի ներքին կյանքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում