ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի կարևոր արդյունքներից մեկն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպումն էր:

Ինչպես հայտնի է, ըստ ԻԻՀ սահմանադրության՝ ի թիվս այլ կարևոր լիազորությունների (ԻԻՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար)՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները մշակվում են հոգևոր առաջնորդի աշխատակազմում: Այդ առումով Ալի Խամենեիի՝ Հայաստանի վերաբերյալ հնչեցրած տեսակետները կարևոր են և խոսում են ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարության միասնական կարծիքի առկայության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում, բացի Հայաստանի հետ հարաբերություններից, անդրադարձել է Արցախին և Սփյուռքին՝ իրանահայությանը:

Հայաստան-Իրան հարաբերություններ

Իրանի հարավկովկասյան քաղաքականության մեջ հայկական գործոնը կարևոր նշանակություն ունի, և Իրանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցելիս հաշվի է առնում Հայաստանի գործոնը:

Նույնիսկ, եթե ժամանակ առ ժամանակ հատկապես ՀՀ ղեկավարության հետ նախատեսվող հանդիպումներից առաջ Իրանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ հնչում են մեզ համար խնդրահարույց ձևակերպումներ, ապա դրանց հասցեատերն այսպես ասած Իրանի պանթյուրքիստական շրջանակներն են:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններն ամուր, շարունակական և բարեկամական պետք է լինեն, չնայած՝ Միացյալ Նահանգների ցանկությանը»,- իր խոսքում նշել է Ալի Խամենեին:

Ի դեպ, Իրանի հեղինակավոր գրեթե բոլոր օրաթերթերի առաջին էջերին Խամենեիի վերոնշյալ ձևակերպումն էր հրապարակվել:

Ուշագրավ է, որ պանթյուրքիստական շրջանակները, համեմատականներ անցկացնելով Խամենեի-Փաշինյան և Խամենեի-Ալիև հանդիպումների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների գլխագրերի միջև, իրենց դժգոհությունն էին հայտնել, որ եթե Իրանն առավել շատ կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, ապա Ադրբեջանի դեպքում՝ Ալիևին հորդորում է չճնշել հավատացյալներին:

Արցախյան հակամարտություն

Չնայած ԻԻՀ հոգևոր առաջնորդին Արցախի առնչությամբ վերագրվող տարատեսակ ձևակերպումներին և հայտարարություններին, Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում նրա տված հստակ ձևակերպումը՝ այն է՝ «Իրանը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան խնդրի լուծմանը: Իրանը հակամարտության լուծումը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական բանակցությունների միջոցով», ինչպես Իրանի ներսում, այնպես էլ Իրանից դուրս գործող տարատեսակ խմբավորումներին զրկում է Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը խեղաթյուրված ներկայացնելու փորձերից:

Ինչ վերաբերում է Թեհրանի «Արարատ» մարզավանում Հայաստանի վարչապետի՝ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ փակցված պաստառի առնչությամբ ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին, ապա որպես արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ՝ նրա արձագանքը օբյեկտիվ էր, առավել ևս, որ այն հնչեց այդ օրերին Իրանի թյուրքախոս նահանգներում տեղի ունեցած բողոքի ակցիաների և երեք տասնյակ անձանց ձերբակալության ֆոնին:

Ի դեպ, այդ առնչությամբ «Telegram» սոցիալական ցանցի պարսկալեզու ալիքներում հետաքրքիր արձագանքներ էին հնչում. իրանցի փորձագետները, մասնավորապես, նշում էին, թե՝ «Եթե Ադրբեջանի նախաձեռնությամբ Խոջալուի դեպքերի առնչությամբ խնդրահարույց ցուցահանդես է կազմակերպվում, ապա բնական է, որ հայերն էլ համարժեք պատասխան էին տալու»:

Սոցիալական ցանցերում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի առնչությամբ ուշագրավ արձագանքների կարելի էր հանդիպել, որտեղ համեմատականներ էին տարվում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ Իրանի նկատմամբ արվող քայլերի միջև: Մասնավորապես շեշտվում էր, որ եթե Հայաստանի վարչապետն իր ելույթներում ընդգծում էր Իրանի կարևորությունը, հայ-իրանական բարեկամությունը, իրանահայերի՝ որպես ԻԻՀ արժանավոր քաղաքացի լինելու փաստը, ապա վերոնշյալի ֆոնին մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր իրանցի անջատողական գործիչներից մեկին:

Իրանահայերի վերաբերյալ

ՀՀ անկախությունից ի վեր Իրանի հայ համայնքը չափազանց կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման, այնպես էլ Իրանի 80 միլիոնանոց պարսկախոս հանրությանը Հայաստանը և Արցախը լավագույնս ներկայացնելու գործում:

ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է իրանահայության՝ Իրանին անձնվիրաբար ծառայելու փաստը՝ շեշտելով, որ Իրանը պարծենում է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակներով:

Ալի Խամենեին դրվատանքով խոսելով  իրանա-իրաքյան պատերազմում զոհված իրանահայ նահատակների մասին՝ նշել է, որ ինքը պարբերաբար այցելում է նրանց ընտանիքներին: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները՝ հոգևոր առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետին է նվիրել «Քրիստոսը Ղադրի գիշերում» գիրքը, որը պատմում է Ալի Խամենեիի՝ Իրանի քրիստոնյա նահատակների հարազատների բնակարաններ կատարած իր այցելությունների մասին:

ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած պաշտոնական այցի արդյունքները ցույց տվեցին, թե առաջիկայում որ ոլորտներում պետք է ակտիվացնել ջանքերը ձեռք բերված հաջողություններն ամրապնդելու, և որ ոլորտներում պետք է նախաձեռնող, ուշադիր և հետևողական լինել՝ կանխելու Հայաստանի և Արցախի համար անցանկալի զարգացումները: