Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2։40-ի սահմաններում, այրել են Կենտրոնական ավտոկայանի (Կիլիկիա ավտոկայան) տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական ավտոկայանից՝ նշելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են դրանով։

Մեզ հետ զրույցում Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանը փոխանցեց՝ դեպքի մասին իմացել է հարևաններից․ «Քանի որ ուշ ժամ էր, բոլորը գոռում, ճչում, դուռ, լուսամուտ էին թակում տեղեկացնելու համար։ Կասկած անգամ չունեմ, թե ով կարող էր անել. ես ոչ թշնամանք ունեմ, ոչ՝ թշնամիներ։ Անգամ մտածում եմ՝ հնարավոր է մեքենաս ինքն իրեն ինչ-որ կայծից է այրվել։ Եկեք անմեղության կանխավարկածն էլ պահենք։ Բայց եթե ինչ-որ մեկն է կանգնած սրա հետևում և ունակ է նման նենգության, գոնե տեսնեմ՝ ով է և ինչի համար է արել, այդ ի՞նչ պապենական թշնամություն պետք է լիներ մեր մեջ, որ նման քայլի գնար»,- ասաց Համբարձումյանը։

Նշենք, որ Ռոման Համբարձումյանը գրեթե մեկ ամիս է, ինչ նշանակվել է Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։ Նրանից առաջ այդ պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան ազգանունը փոխել է) եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը։

Հարցին՝ բացառո՞ւմ եք հանգամանքը, որ հնարավոր է՝ նախկին տնօրենի շրջապատի կողմից են փորձել վրեժխնդիր լինել, ներկայիս տնօրենը պատասխանեց․ «Ախր այդպես ո՞նց կլինի։ Եթե, օրինակ, ինձ հանեն, բերեն մեկ ուրիշի տնօրեն նշանակեն ու ես նման բան անեմ, կլինի՞ այդպես։ Կասկածելն էլ մի բան չէ։ Ինձ նշանակել են տնօրեն, ես անգամ չգիտեմ՝ ինձանից առաջ ով է եղել, անգամ չեմ ճանաչում ու չենք էլ հանդիպել»,- նշեց Համբարձումյանը։

Նա ասաց, որ ինքը Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի կողմից՝ նախարարի իմացությամբ։

Ի դեպ, դեպքի առնչությամբ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանն էլ իր վրդովմունքն է արտահայտել․ «Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել էր Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով, որ այնտեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևում կանգնած էր Ավտոկայանի «նայող» Բոգոն: 

Խոսակցություններ կան, որ չի բացառվում նաև այս դեպքի հետ վերջինիս առնչությունը, ում՝ ոչ միայն տնօրեն եղբայրը ազատվեց աշխատանքից, այլև նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց ինքը իր գործունեությամբ, և առանձին անձինք անգամ աչք են դրել նրա ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր, առանց աղմուկի մեզ հետ կիսվիր: Հատկապես, որ այդ տարածքները, ըստ խոսակցությունների, երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են: