ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում փորձել է հարցաքննել Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալուց։  ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկությունըփորձեց ճշտել Հատուկ քննչական ծառայությունից, սակայն այս անգամ ևս ասացին, որ չեն մենկանբանում. «Հարցաքննությունների հետ կապված մեկնաբանություն չենք տալիս»,-փոխանցեցին այնտեղից:

Մեզ հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ևս ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը. «Միայն կարող եմ ասել, որ ադ իրադարձությունների հետ կապված Մանվել Գրիգորյանը որևիցե մեկի դեմ ցուցմունք չի տվել»,- նշեց նա:

Ըստ երեւույթին, Գրիգորյանն օգտվել է Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 21-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում Առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը հայտարարել էր, որ ՊՆ փոխնախարարներ՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն՝ դրանով փաստելով բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։

Դրանից գրեթե 2 ամիս անց վերջիններս պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար: