Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում իր հնչեցրած հայտարարությունը, թե՝ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:

Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ «արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կողմից Արցախում վերջերս արված հայտարարություններն արտահայտում են հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը նաև բանակցային սեղանին», ԱԱԾ տնօրենը պարզաբանել է․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս հարցով հանդես գալ համապատասխան մեկնաբանությամբ: Կրկնեմ, որ այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը և այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը, ովքեր էլ ներգրավված են խաղաղ գործընթացում»:

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ մեկնած Արթուր Վանեցյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 27-ին այցելել էր Հադրութից հարավ ընկած՝ Արաքս գետին հարող հատված, ուր, ըստ Արցախի հանրային հեռուստատեսության, կառուցվում է նոր բնակավայր՝ Արաքսավանը, 150 առանձնատներով և համայնքային նշանակության շինություններով:

«Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ և ոչ միայն իմ, այլև բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետև այն խոսքերը, արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», -  հայտարարել էր Վանեցյանը։