ԱԺ ՄԻՊ և ՀՑ մշտական հանձնաժողովի նիստին կարծիք հնչեց, որ մտավախություն կա, թե ծխախոտի ակցիզային գինը բարձրացնելուն զուգահեռ, մարդիկ կանցնեն, օրինակ՝ թութուն գնելուն, այսինքն՝ ծխողը գտնելու է այլընտրանք, ինչին ի պատասխան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ինդիվիդուալ անձի մակարդակով ենթադրություններ չեն կարող անել, իրենց խնդիրը մարդկանց առողջության պահպանման խնդիրն է։ Նախարարը Ֆրանսիայի օրինակը մեջբերեց, նշելով, որ Ֆրանսիայի առողջապահության նախարարը որոշել է, որ ծխախոտի գինը՝ 6-7 եվրո, իրենց երկրի համար էժան է, և իրենց առաջ նպատակ են դրել դարձնել այն մինիմում տասը եվրո։ 

Նարգիլե սիրողների միության անդամ, բիզնես ոլորտի ներկայացուցիչ Գոռ Գասպարյանը, հանձնաժողովի նիստին դիմելով Արսեն Թորոսյանին, նշեց, որ իրենք օրենքի նախագծին, դեմ չեն, սակայն այլ խնդիր կա։

«Եթե մենք փակ մասնագիտացված ակումբ ենք, եթե մեր մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում ա՝ Ձեր օրենքի նախագծով ուղղակի փակում եք մասնագիտացված ակումբի դռները, որովհետև կան նեղ մասնագիտությանը տիրապետող մարդիկ, ովքեր աշխատանք չեն կարողանա գտնել: Ձեր նախագծով մենք ոչ թե տուժում ենք, ոնց որ Դուք եք ասում, այլ՝ մենք ուղղակի փակվում ենք»,-ասաց նա։

«Ես նշեցի, որ կարող ենք քննարկել օրենքի՝ ուժի մեջ մտնելու տարբերակներ, ժամկետներ, որը թույլ կտա մասնագիտացված, բայց միևնույն ժամանակ առողջությանը վնաս պատճառող գործունեության տեսակները կամ դնել ինչ-որ շրջանակների մեջ ու աչք փակել՝ ասել ոչինչ, թող մի տասը տեղ էլ շարունակեն գործունեությունը, կամ՝ կարող ենք ասել ժողովուրդ, քանի որ մենք համարում ենք, որ գնում ենք առողջապահական ուղղությամբ ամբողջ կազմով, եկեք ժամանակ տանք՝ վերապրոֆիլավորվեք, ինքա՞ն ա պետք հետգնում անելու համար՝ մի տարի՞, երկո՞ւ տարի, քսա՞ն տարի, բայց ես ասում եմ՝ չենք կարող ստորադասել մարդու առողջ մնալու իրավունքը այլ իրավունքներին»,-բիզնեսմենի հարցին ի պատասխան նշեց Թորոսյանը։