Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի բնակիչները համայնքի ասֆալտապատման խնդրով պայմանավորված՝ օրեր առաջ բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջել հանդիպում Արմավիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ: Վերջինս այսօր, պայմանավորվածության համաձայն, եկել էր հանդիպման համայնքի բնակիչների հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում համայնքի բնակիչներից Անդրանիկ Բայրամյանը հայտնեց, որ մարզպետի հետ հանդիպման ժամանակ եկել են ընդհանուր հայտարարի: 

«Մարզպետը համայքնապետարանին հորդորեց անհապաղ կազմել նախագծահաշվարկային ծրագիրը: Ասացին, որ այդ նախահաշվարկից հետո ասֆալտապատում կիրականացնեն, բայց գյուղացիները պետք է հարկ հավաքեն: Մարզպետն ասում է, որ ասֆալտապատումն իրականացնելու են 3-4 տարվա մեջ»,- ասաց Բայրամյանը:

Թեպետ պայմանավորվածություն եղել է մարզպետի հետ, սակայն բնակիչները չեն ցանկանում հարկ վճարել, և ամբողջը ցանկանում են թողնել կառավարության վրա.

«Բայց այդպես չի լինում: Պետք է բանակցենք, գոնե 30 տոկոս հարկերը վճարեն»,- ասաց Բայրամյանը

Վերջինս նաև հայտնեց, որ դեռևս հստակ ժամկետներ նշված չեն, և միայն նախագծահաշվարկային աշխատանքների ավարտից հետո կնշվեն ժամկետներ և դրանից հետո կորոշեն նաև իրենց հետագա քայլերը:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ