ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Այվազյանն ազատվել է պաշտոնից։Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

«ՊԵԿ-ում աշխատակիցների կրճատումները պայմանավորված են բացառապես կառուցվածքային փոփոխություններով և օպտիմալացման գործընթացով, որոնք իրականացվել են համակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սրա մեջ կա բոլոր հարցերի պատասխանները։

Հարցին՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ, ՊԵԿ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Այո՛, այլ պաշտոն առաջարկվել է, որն Արթուր Այվազյանը չի ընդունել»։

Ըստ մամուլի հրապարակման՝ Արթուր Այվազյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին է։ Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, ով հայտնի է որպես ՊԵԿ-ի «ասող», ում «թուրն ամեն տեղ կտրում է» և ինքն է որոշում՝ ում թողնել և ում հեռացնել, ըստ այդմ էլ՝ աշխատանքի է տեղավորում ոլորտի հետ առնչություն չունեցող՝ իր ծանոթ-բարեկամներին: