Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 11-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և Պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման և գնահատման, ինպես նաև հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ներդրում:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: