«Իրատես» թերթը գրում է.

«Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արեւմուտքից եկող ներդրումները:

«Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարեւորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը: Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջեւ,- գրում է աղբյուրն ու հավելում,- այս պահի դրությամբ ներդրողների համար որեւէ այլ խնդիր այնքան կարեւոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական եւ գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»:

«Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները հակված են հօգուտ «Լիդիանի» դրական ելքով լուծելու «Ամուլսարի» խնդիրը, քանզի ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին նեղացնել չեն ցանկանում: Այժմ կառավարիչները սպասում են, որ հասարակական ընդվզումը մեղմվի, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հանքի շահագործման ու դրա օգտակարության մասին խոսելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում