Ըստ մամուլի հրապարակումների՝ Գյումրիում կատարված դանակահարության կասկածանքով իրավապահները փնտրում են Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսային։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ սխալ հասցեով ենք զանգահարել, այդ հարցով պետք է դիմել իրավապահ մարմիններին։ 

«Ինձ ինչի՞ եք հարցնում, ես իմ տեղն եմ պատասխանատու։ Օրենքն ասում է՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իր տեղն է պատասխանատու։ Ես ի՞նչ գիտեմ, հարյուր հատ փեսա ունեմ, որ փեսայի մասին է։ Մի հարյուր հատ էլ հորեղբոր տղերք ու բաներ ունեմ, անպայման Ղուկասյան Վարդանի անուն-ազգանո՞ւնն է ձեզ պետք։ Եթե իմ անուն- ազգանունն է պետք՝ գրեք՝ իմ շունն էլ հարևանի շանը բռնաբարել է, դա էլ գրեք։ Երբ որ ինձ հետ կապված, Ղուկասյան Վարդանի հետ կապված բան կլինի՝ ինձ հարցրեք»,- ասաց նա

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանը տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոն՝ որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց և այդ ժամանակ նաև «ձախ ստորին վերջույթի գլութելան մկանի շրջանի դրսային երեսի ստորին մասի կտրված վերք, աջ դաստակի հետին մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:

Նշենք, որ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Նախաքննական մարմինը, սակայն, չէր հայտնել՝ ով է դանակահարվողն ու ով՝ դանակահարողը։ 

Ըստ Armlur.am-ի` դանակահարողը Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսն է, որին իրավապահները փնտրում են:

Սոնա Հարությունյան